Իրանը միշտ աջակցել է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան վերահաստատեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ շեշտելով՝ այն, ինչը պատճառ կդառնա Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամողջականության խախտման, Թեհրանի համար ընդունելի չէ։
«Մենք միշտ աջակցել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և այն, ինչը պատճառ կդառնա, որ Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը խախտվի, մենզ համար ընդունելի չէ», - ասաց դեսպանը։
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում կրկին հայտարարել է՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։
«Նախ և առաջ՝ նրանք մեզ պետք է անխոչընդոտ անցում տան Զանգիլանի ու Օրդուբադի միջև, դա նրանց պարտավորությունն է։ Բեռները, քաղաքացիները և ավտոմոբիլային միջոցները, որոնք կերթևեկեն Ադրբեջանից Նախիջևան, պետք է ազատորեն անցնեն, առանց որևէ զննության ու մաքսային վարչարարության», - ասել է Ալիևը։
Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքին «միջանցքի» ձևով հղում տալը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների դրսևորում է։ Երևանը նաև շարունակում է պնդել, որ ոչ նոյեմբերի 9-ի փաստաթղթում, ոչ էլ Ադրբեջանի հետ բանակցություններում «միջանցքային տրամաբանություն չկա», իսկ ապաշրջափակման դեպքում սահմանի վերահսկողություն իրականացնելու է միայն հայկական կողմը։
Աղբյուրը` «Ազատություն» ռադիոկայանի