Վրաստանում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել են ԱՄՆ և ՌԴ քաղաքացիներ
 Այսօր՝ մայիսի 13-ի առավոտյան Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 20 մարդու։ ՆԳՆ մամուլի ծառայության տեղեկություններով՝ քաղաքացիները ձերբակալվել են վարչական կարգով մանր խուլիգանության և ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար։ Ձերբակալվածների թվում են ԱՄՆ երկու և Ռուսաստանի մեկ քաղաքացիներ։

Ներքին գործերի նախարարությունն այս մասին արդեն տեղեկացրել է ԱՄՆ-ի և Շվեյցարիայի դեսպանատներին (դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով Վրաստանում Ռուսաստանի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանատունը)։  «Չնայած ցույցի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված ոստիկանության բազմաթիվ կոչերին, ինչպես նաև ՆԳՆ-ի հայտարարությանը, որ նրանք ենթարկվեն ՆԳՆ ներկայացուցիչների օրինական պահանջին և դուրս չգան հավաքների ու խոսքի ազատության մասին օրենքով թույլատրված սահմաններից՝ ցույցի որոշ մասնակիցներ հաշվի չեն առել ոստիկանության օրինական պահանջը, խախտել են հասարակական կարգը, դիմադրել և վիրավորել իրավապահ մարմինների աշխատակիցներին»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։