Կարևոր է` Արևմուտքը կարողանա Իվանիշվիլիին բերել կառուցողական դաշտ, իսկ եթե ոչ՝ օժանդակել Վրաստանում նոր հեղափոխությանը. Առնոլդ Բլեյան
Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։

Նախագծի շուրջ խորհրդարանական ընթացակարգերը մեկ ամիս շարունակ ուղեկցվում էին բողոքի ցույցերով, ոստիկանությունը ցրել է այդ ցույցերը և բերման ենթարկել ակտիվիստներին։ Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է  «Հանուն Հանրապետության»  կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի հետ։

«Իհարկե, շատ ցավով եմ հետևում այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Վրաստանում: Ցավոք, կարելի էր կանխատեսել, որ Վրաստանի իշխանություններն այնուամենայնիվ այնքան էլ արևմտամետ չեն և չունեն  եվրաատլանտյան նպատակներ և տեսլական, որն ունի Վրաստանի Հանրապետության ամբողջ ժողովուրդը, գրեթե 85 տոկոսը՝ ըստ վերջին անցկացրած հարցման։ Սակայն իհարկե դժվար էր պատկերացնել, որ իրենք կգնան նման տիպի պրովոկացիոն օրինագծի ընդունմանը,   մանավանդ, երբ մեկ տարի առաջ նրանք գնացին այդ ուղղությամբ և քաղաքացիական հասարակաության, քաղաքական ընդդիմության դիմադրության շնորհիվ հետ կանչեցին այդ օրինագիծը»,- ասաց Առնոլդ Բլեյանը։ 

Նա կարծում է, որ սա ներվրաստանյան հարց չէ, սա նաև ռեգիոնալ հարց է, նաև աշխարհաքաղաքական հարց է, և ինքը կասկած չունի, որ այն համառությունը, որով իշխող կուսակցությունն անցկացրեց այդ օրինագիծը, միտված է մեկ բանի ուղղությամբ՝ թաղել Վրաստանի եվրոպական, եվրաատլանտյան ապագան, և ոչ միայն Վրաստանի։

Եվ դա, ըստ մեր զրուցակցի, իր ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա, իսկ այն գործընթացները, որոնք ծավալվում են Հայաստանում, միմյանց հետ կապված են, և հրամանը գալիս է նույն՝ Հյուսիսային կետից։  
  
«Մենք այնուամենայնիվ չպետք է ընկճվենք այն հանգամանքներից, որոնք ծավալվում են Վրաստանում, որովհետև ի վերջո այն, ինչ կատարվում է այնտեղ, լինելու է երկարատև պրոցես։ Նույնիսկ ենթադրում եմ, որ հիմա նախագահ Զուրաբիշվիլին վետո կկիրառի, և չորս շաբաթ անց խորհրդարանական մեծամասնությունը նորից կկարողանա հաղթահարել այդ վետոն։ Իսկ սպասել, որ դրանից հետո միանգամից ինչ-որ կտրուկ փոփոխություններ կլինեն արտաքին հարաբերություններում, չեմ կարծում։ Շատ դժվարությամբ եմ պատկերացնում, որ իրենք կկարողանան հաղթել խորհրդարանական ընտրություններում. սպասում եմ, որ կլինեն կեղծիքներ։ Կարծում եմ, որ նրանք շատ լավ գիտակցում են, որ այս ամենից հետո դժվար թե իրենք կարողանան վերընտրվել։ Եվ նրանք գիտեին, որ եթե չգնային այդ քայլին, շատ հանգիստ կկարողանային վերընտրվել, քանի որ այնտեղի քաղաքական դաշտը նույնպես լճացած է։ Իրենք գնացել են գիտակցված պրովոկացիայի ու գնալու են մինչև վերջ և ուզում են, որ արյուն թափվի։ Նույն նպատակը նաև Հայաստանում է, բայց մենք չպետք է ընկճվենք»,- ասաց Առնոլդ Բլեյանը։ 

Ի հավելումն մեր զրուցակիցն ասաց, որ ի վերջո մենք նաև մեր համառությամբ, մեր եվրոպական համառությամբ պետք է նաև օգնենք վրաց ժողովրդին, ինչպես որ վրաց ժողովուրդը կամա թե ակամա օգնել է Հայաստանի ժողովրդին՝ իր եվրոպական ցանկությամբ և նկրտումներով. մենք պետք է գնանք այդ ուղղությամբ և պետք է մեր տնային աշխատանքը կատարենք։
«Նիկոլ Փաշինյանը հենց այսօր Կոպենհագենում ի պատասխան այն հարցի, թե երբ կուզենար, որ Հայաստանը դառնար ԵՄ անդամ, պատասխանել է՝ այս տարի։ Կարծում եմ՝ իրատեսական չէ, որ մենք այս տարի դառնանք ԵՄ անդամ, բայց իրատեսական է, որ այս տարի ԵՄ անդամակցության հայտ ներկայացնենք։ Դա է ամենակարևորը, այդ դա ես համարում եմ առաջին քայլ։ Եվ դա նաև կօգնի Վրաստանի Հանրապետությանը»,- ընդգծեց Առնոլդ Բլեյանը։

Նա վրաց ժողովրդին մաղթեց, որպեսզի նոր հեղափոխություն անեն, և ցավով նշեց, որ իրենք ժամանակին չկարողացան գնահատել Միխայիլ Սաակաշվիլիի նախագահությունը՝ ինչ-ինչ թերացումների պատճառով իրենք որոշեցին ռուսաստանցի, վրացի միլիարդատիրոջը վստահել իրենց երկրի եվրաատլանտյան ապագան և հիմա վճարում են այդ սխալ որոշման համար, բայց իրենք շատ համախմբված են, և ինքը պարծենում է նրանցով։  

Խոսելով նաև այն մասին, որ  իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ, Առնոլդ Բլեյանն ասաց, որ Իվանիշվիլին մի փոքր ընկել է էյֆորիայի մեջ այն բանից, որ իր կարողությունը հասել է 7 միլիարդ դոլարի։

«Ես այստեղ ակնկալում եմ եվրոպացի և ամերիկացի դիվանագետների շատ լուրջ աշխատանք թե՛ իշխանության հետ, թե՛ քաղհասարակության։ Ես հասկանում եմ, թե ինչ դժվարին կացության մեջ է հայտնվում Հայաստանի իշխանությունը, քանի որ այստեղ մենք պետք է շարունակենք պահպանել մեր բարիդրացիական հարաբերությունները իշխող կուսակցության ղեկավարի հետ, վարչապետի հետ և մեր կողմից, ցավոք, չենք կարող ռևերանսներ անել՝ ուղղված Վրաստանի ժողովրդի եվրոպական նկրտումներին։ Շատ կարևոր եմ համարում, որ արևմտյան դիվանագետները կարողանան ի վերջո Իվանիշվիլիին բերել կառուցողական դաշտ, իսկ եթե դա հնարավոր չէ, օժանդակել, աջակցել Վրաստանում նոր հեղափոխության իրականացմանը։ Իսկ դա ես ցանկանում եմ և մաղթում եմ, որ այդպես լինի»,- ասաց Առնոլդ Բլեյանը։

Լիլիթ Թադևոսյան