ԱՄՆ-ն կարող է «հիմնովին վերանայել» հարաբերությունները Վրաստանի հետ. Սպիտակ տուն
Վաշինգտոնը կարող է «հիմնովին վերանայել» հարաբերությունները Վրաստանի հետ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը վերջնականապես ընդունելու դեպքում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Վրացի ժողովուրդն արտահայտել է իր կարծիքն այս օրենքի առնչությամբ՝ բողոքելով փողոցներում։ Այս հանգստյան օրերին մենք տեսանք Վրաստանի պատմության մեջ ամենախոշոր բողոքի ցույցերը, երբ տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարներ, չվախենալով ահաբեկման մարտավարությունից, իրենց կառավարությանը կոչ էին անում դեմ կանգնել այս օրենքին, քանի որ նրանք ցանկանում են եվրաատլանտյան ապագա: Տեսնենք, թե ինչ կանի խորհրդարանը, բայց եթե այս օրենքն ընդունվի, դա մեզ կստիպի հիմնովին վերանայել մեր հարաբերությունները Վրաստանի հետ»,- նշել է նա։

Սպիտակ տունը «խորապես մտահոգված է» օրենքի երրորդ ընթերցմամբ ընդունմամբ։ Վաշինգտոնն ակնկալում է, որ Վրաստանի նախագահը վետո կդնի դրա վրա։ «Պարզ չէ՝ խորհրդարանը կփորձի՞ արդյոք հաղթահարել պոտենցիալ վետոն, մենք բացահայտորեն արտահայտել ենք մեր մտահոգությունը օրենքի վերաբերյալ, որը հակասում է ժողովրդավարական արժեքներին և Վրաստանն ավելի կհեռացնի Եվրամիության արժեքներից, և չպետք է մոռանալ նաև ՆԱՏՕ-ի մասին»,- ասել է նա։