Պետական հեղաշրջման սպառնալիք՝ Թուրքիայում. Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել հետախուզության և արդարադատության նախարարության ղեկավարների հետ՝ իր կողմնակից, «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիին պետական հեղաշրջման փորձի հավանականության մասին զգուշացնելուց հետո. հեղաշրջումը պատրաստվում է  իրավապահ մարմինների շարքերում։ Այս մասին գրում է Türkiye թերթը։

Էրդողանը իրավապահ մարմիններում իշխանության դեմ դավադրության մասին տեղեկությունների ֆոնին խորհրդարանում գնացել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստին: Ակնկալվում է, որ Թուրքիայի ղեկավարը կարևոր հայտարարություններ կանի, այդ թվում՝ դավադրության մասին հաղորդագրությունների վերաբերյալ: Նրա խոսքով՝ իշխանությունները շատ լավ գիտեն «տիկնիկավարներին ու խաղն իրականացնողներին»։

«Նրանք, ովքեր ուզում են տալ իրենց պարտքը FETÖ-ին (Թուրքիայում արգելված կազմակերպություն, որը մեղադրվում է 2016 թվականին հեղաշրջման փորձի մեջ - խմբ.), երբեք ձեռքերը ծալած չեն նստում։ Մենք գիտենք, թե ինչի են հասնում նրանք, ովքեր ցանկանում են պառակտել մարդկանց։ Մենք շատ լավ գիտենք, թե ով է տիկնիկը, ով է տոնում, ով է տիկնիկավարը։ Որքան էլ դա գարշելի թվա, մենք այդ թակարդը չենք ընկնի։ Այն, ինչ մեզ հարիր է, արժանապատվությունն ու հանդուրժողականությունն է։ Անկախ նրանից, թե ուրիշներն ինչ են անում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ չորեքշաբթի օրը խորհրդարանում ելույթ ունենալով խմբի նիստում: