«Դուք եք Հարավային Կովկասի առաջնորդը և պատասխանատվություն եք կրում տարածաշրջանի համար». Լուկաշենկոն՝ Ալիևին
 Ադրբեջանի և Բելառուսի գնահատականներն ու տեսակետները ուկրաինական պատերազմի վերաբերյալ մոտ են կամ համընկնում են, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո։ Այս մասին գրում են բելառուսական պաշտոնական լրատվամիջոցները։

«Մեր գնահատականներն ու տեսակետները կամ մոտ են, կամ համընկնում են։ Դուք գիտեք մեր դիրքորոշումը: Մեզ համար այնտեղ հիմա հեշտ չէ։ Բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այնտեղ խաղաղություն լինի։ Եվ շարժվելու ենք այդ ուղղությամբ։ Ադրբեջանի հետպատերազմյան և խաղաղության հաստատման փորձը շատ կարևոր է մեր տարածաշրջանի համար»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ ի դեմս Ադրբեջանի՝ «Հարավային Կովկասում ի հայտ է եկել հզոր առաջնորդ, որը կարող է վերահսկել տարածաշրջանը»։ «Դուք արդեն ամբողջությամբ պատասխանատու եք Կովկասում տիրող իրավիճակի համար, ինչի հույսը մենք (այն ժողովուրդները, ովքեր չեն ապրում Կովկասում) իսկապես ունենք։ Սա լրացուցիչ բեռ է ձեզ վրա, սակայն ոչ մի տեղ չեք կարող փախչել։ Ժամանակն ընտրել է ձեզ, ինչպես ասում են մեզ մոտ, և դուք պատասխանատվություն եք կրում Կովկասի տարածաշրջանի համար՝ որպես առաջնորդ»,- Ալիևին դիմել է Լուկաշենկոն։