Այսօր՝ մայիսի 20-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Լատվիայի Սեյմի նախագահ Դայգա Միերինեյի գլխավորած պատվիրակությանը։ Ալիևը, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, նշել է, տարածաշրջանում խաղաղության հասնելու համար պատմական հնարավորություններ են ստեղծվել:
Նշելով, որ ներկայումս կան շատ լավ և բարենպաստ հնարավորություններ խաղաղության օրակարգը առաջ մղելու համար, Ալիևն ընդգծել է, որ երկկողմ գործընթացի շրջանակներում դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանների և սահմանազատման, և սահմանագծման հարցում։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «Ադրբեջանը լուծել է այս հակամարտությունը»։
Նրա խոսքով՝ այսպիսով, միջազգային հարաբերություններում մեկ հակամարտություն գտավ իր լուծումը, սակայն ցավալի է, որ աշխարհում հակամարտությունների նոր օջախներ են ձևավորվում։