Իզմիրում մեկնարկել են Թուրքիայի ռազմական պատմության մեջ ամենախոշոր՝ EFES-2024 զորավարժությունները, որին հետևում է անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Զորավարժություններին մասնակցել է 1745 հյուր 45 երկրից, ընդհանուր առմամբ՝ 10884 զինվորական։ Էրդողանը, ելույթ ունենալով միջոցառման ժամանակ, ընդգծել է, որ EFES 2024 զորավարժությունները «ուղղված չեն որևէ երկրի դեմ»։
«Մեր զորավարժություններն անցկացվում են ընդհանուր խաղաղության աջակցության սցենարով և կբարձրացնեն մեր զինված ուժերի մարտունակությունը։ Զորավարժություններին ներգրավված սպառազինությունն ու համակարգերը ցույց են տալիս այն մակարդակը, որին հասել է մեր երկիրը: Մենք ոչ թե լարվածության և հակամարտությունների, այլ խաղաղության և համագործակցության կողմնակից ենք։ Մենք ցանկանում ենք կողք կողքի ապրել այն երկրների հետ, որոնց հետ կիսում ենք նույն աշխարհագրությունը։ Մենք աչք չենք դրել օտար հողի վրա: Մենք պատրաստ ենք երկխոսության, շփման և հարաբերությունների ամրապնդման բոլորի հետ»,- ընդգծել է Էրդողանը:
Մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև ստեղծված իրավիճակը՝ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ չպետք է բաց թողնել խաղաղության կնքման ներկայիս հնարավորությունը։