Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օրերս թույլտվություն էր տվել՝ «առևանգված» Boing 737 ինքնաթիռը մարտի 13-ին Իրանից Հայաստան բերելու համար: Սակայն օդանավն այդպես էլ չհասավ «Զվարթնոց» օդանավակայան՝ Իրանից թռիչք չիրականացնելու պատճառով։ Մարտի 19-ին կլարանա մեկ ամիսը ինչ ամերիկյան արտադրության «առևանգված» օդանավը գտնվում է Թեհրանում։ Մեր աղբյուրների համաձայն՝ օդանավը Հայաստան չբերելու պատճառը ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական է։ Հիշեցնենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ համագործակցությամբ՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի աշխատակիցները և երկու հայ օդաչուներ փետրվարի 28-ին Իրան էին մեկնել՝ «առևանգված» օդանավը Հայաստան բերելու նպատակով, որը նրանց չէր հաջողվել: Ըստ մեր աղբյուրների՝ հարցը պետք է լուծվեր ավելի բարձր մակարդակով։
Նշենք, որ ամերիկյան արտադրության Բոինգ-737 օդանավը դեռևս հունվարի 13-ից գրանցված է հայկական պետական ռեգիստրում, այն վարձակալված է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի կողմից և փետրվար ամսին Տալին քաղաքից պետք է բերվեր Երևան։ Ըստ մեր տեղեկությունների՝ Տալինից թռիչք իրականացնող օդանավը նախ պետք է Ուկրաինայում տեխնիկական սպասարկում անցներ, այնուհետև վայրէջք կատարեր «Զվարթնոց» օդանավակայանում, սակայն անհասկանալի պատճառներով օդանավը հայտնվել էր Թեհրանում։
Հիշեցնենք, որ Իրանը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում, և միացյալ նահանգների օրենսդրությամբ արգելվում է Իրանին ձեռք բերել ամերիկյան արտադրության ինքնաթիռներ ու ավիացիոն պահեստամասեր, նույնիսկ երրորդ երկրների միջոցով։