«Հիմա կրկին լարված իրավիճակ է Ուկրաինայում, և խնդրահարույց է իրավիճակը մասնավորապես Դոնեցկի մարզում։ Մենք կապի մեջ ենք հայ համայնքի, դիվանագիտական ներկայացուցիչների հետ. երեկ Կոնստանտինովկայի շրջանում հայերի գույքը հրետակոծությունից վնասվել է, բարեբախտաբար զոհերի մասին չկան փաստեր»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի Հանրապետությունում, ոչ պաշտոնական տվյալներով, ապրում է շուրջ 400.000-ից 500.000 հայ, ընդ որում, 100.000-ը՝ Ղրիմի, Դոնեցկի ու Լուգանսկի անջատված տարածքներում։
«Կոնֆլիկտի սկսվելուց անմիջապես հետո հայաշատ շրջանները ևս գտնվել են պատերազմական գործողությունների թեժ կետերում։
Ցավոք, հայերի շրջանում ևս կան կորուստներ, որոնք թե քաղաքացիական բնակչության շրջանում են եղել, թե ուկրաինական բանակում ծառայող ազգությամբ հայ զինվորականների»,- նշեց Հովհաննես Ալեքսանյանն ու ընդգծեց, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ ազգությամբ հայ զոհված և քաղաքացիների, և զինվորականների ընդհանուր թիվը շուրջ 50-ն է. «Կան նաև վիրավորում ստացած կանայք և երեխաներ։ Առավել մեծաքանակ կորուստները եղել են հենց Մարիուպոլի հատվածում։ Կորուստներ ունենք և Ուկրաինայի տարբեր շրջաններից, և Ուկրաինայի բանակում ծառայող մեր հայրենակիցների շրջանում, և ռուսական կողմից՝ Դոնեցկից ու Լուգանսկից»։
Հովհաննես Ալեքսանյանը նշեց նաև, որ կորուստներ կան ռուսական բանակում ծառայող մեր հայրենակիցների շրջանում, սակայն այդ թիվը հրապարակված չէ։
Մեր զրուցակցի խոսքով՝ վերջին 2 օրվա ընթացքում ռուսական կողմից Ուկրաինայի տարբեր մարզեր իրականացվող ռմբակոծություններից տուժած հայերի մասին տեղեկատվություն չկա։
«Մեր հայրենակիցներից շարունակում ենք դիմումներ ստանալ, զգալի հատված Հայաստան է վերադառնում նաև Ուկրաինային հարևան երկրների տարածքից, այդ թվում՝ ՌԴ-ից, Լեհաստանից, Ռումինիայից, Մոլդովայից, բայց ավելի փոքր ծավալներով, քան պատերազմի առաջին ամիսներին էր»,- նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետը։
Նա ընդգծեց, որ մեր հայրենակիցներից ստացված դիմումներում ոչ միայն վերադարձի հարցեր են իրենց ուղղվում, այլև ԵՄ երկրներում մնալուն առնչվող հարցեր, օրինակ՝ օժանդակել կամ կապել այնտեղի հայկական համայնքների հետ, կացարանի, աշխատանքի խնդիր լուծել, տեղական միգրացիոն ծառայություններին դիմել և այլն։
Հովհաննես Ալեքսանյանը, անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկած մեր հայրենակիցների թվին, շեշտեց, որ հայկական անձնագրերով վերադարձողների թիվն անհամեմատ մեծ է՝ ի տարբերություն ուկրաինական անձնագրերով վերադարձողների թվի։ Նրա խոսքով՝ դա նկատելի է, երբ արդեն Հայաստանի տարածք տեղափոխված մեր հայրենակիցները դիմում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ. «Մեր ունեցած տեղեկություններով՝ Հայաստանի պետական սահմանը հատել են ուկրաինական փաստաթղթերով շուրջ 7000 մարդ։ Այս թվի մեջ չեն մտնում և մեծ թիվ են կազմում հայկական փաստաթղթերով Ուկրաինայից Հայաստան հասած հայրենակիցները։ Այս գործընթացին հետևելը շատ դժվար է, Ուկրաինայի օդային տարածքը պատերազմը սկսելուց ի վեր փակ է, և հայերը Հայաստան վերադարձել են ավտոմեքենաներով ՌԴ-ի տարածքով, Բալկանյան երկրներով, ինչպես նաև օգտվել են Վարշավայի, Բուխարեստի, Վիեննայի, Բուդապեշտի օդանավակայաններից, և հայկական անձնագրերով վերադարձողների թվային պատկերը հստակ վեր հանել, թե քանիսն են եղել Ուկրաինայից՝ դժվար է»։
Հարցին՝ ի՞նչ օգնություն է տրամադրվում հայրենիք վերադարձած մեր հայրենակիցներին, մեր զրուցակիցը հիշատակեց, որ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության հետ համատեղ և նրանց ֆինանսավորմամբ իրականացրել է Ուկրաինայից հայրենիք տեղափոխված ընտանիքների ինտեգրման աջակցությանն ուղղված ծրագիր, որին դիմել և ֆինանսական աջակցություն է ստացել 334 ընտանիք. «Հետաքրքիր է այն, որ այս դիմումատուների մեջ Հայաստանի մարզերում տեղավորված ընտանիքներն ավելի մեծ թիվ էին կազմում, քան քաղաք Երևանում»։
Հովհաննես Ալեքսանյանի խոսքով՝ գրասենյակը համագործակցում է նաև հասարակական կազմակերպությունների, օրինակ՝ «Սյունիք զարգացում» ՀԿ-ի հետ, որի արդյունքում Ուկրաինայից Հայաստան եկած ընտանիքներից մի քանիսը տեղավորվել են Վայոց ձորի մարզում. «Այս կազմակերպությունը ֆինանսավորվում է նաև Եվրոպայից։ Բազմաթիվ ինտեգրացիոն ծրագրեր՝ մասնավորապես դասընթացներ է իրականացրել Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից վերադարձած երիտասարդների, երեխաների համար»։
Խոսելով աջակցության ծրագրերից՝ ռազմավարությունների մշակման բաժնի պետը հավելեց, որ գրասենյակը վերջին շրջանում հանգանակության շնորհիվ Հայաստանում բնակվող ուկրաինացի երեխաների ընտանիքներին, ովքեր հեռավար սովորում են Ուկրաինայի ուսումնական հաստատություններում, տրամադրել է համակարգիչներ և սմարթֆոններ, և այս գործընթացի մեջ ներառված են մի շարք կազմակերպություններ։
Նշենք, որ Ուկրաինայի տարբեր մարզերի ուղղությամբ այսօր էլ շարունակվում են հրթիռակոծությունները։ Ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ նախնական տվյալներով, երկու օրվա ընթացքում զոհվել է 19 մարդ, ևս 105-ը վիրավորվել են։
Հիշեցնենք, որ այս տարի փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայի դեմ։ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ հատուկ ռազմական գործողությունների նպատակը Դոնեցկում և Լուգանսկում ապրող՝ տարիներ շարունակ հալածանքի ենթարկված ժողովրդին, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիներին, պաշտպանելն է։
Ռուսաստանը ճանաչել է Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Ուկրաինայի Խերսոն ու Զապորոժիե մարզերի անկախությունը։ ՌԴ նախագահը նաև ստորագրել է օրենքներ՝ նշված մարզերը անցկացված հանրաքվեի հիմքով ՌԴ կազմի մեջ մտնելու մասին։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ռուս-ուկրաինական պատերազմում՝ փետրվարի 24-ից մինչև հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զոհվել է 6221 քաղաքացիական անձ, որոնցից 396-ը՝ երեխաներ։
Նարա Մարտիրոսյան