ՀՀ արդարադատության նախարարի ղեկավարությամբ այսօր կայացավ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը։ Մինչև օրակարգի առաջին հարցի քննարկմանը անցնելը՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը դիտարկում արեց, թե ինչու է այսօրվա օրակարգում նորից ընդգրկվել ՀՀ նախագահի լիազորությունների ընդլայնման հարցը, եթե նախորդ նիստի ժամանակ որոշում է կայացվել, ըստ որի՝ պարզ է դարձել, որ խորհուրդը նպատակահարմար չի համարում նախագահի՝ որպես փոխզսպող, հակակշռող դերակատարի ինստիտուտի լիազորությունները ընդլայնել, ինչո՞ւ է նորից այդ հարցը քննարկվում:
Նախարարը, ի պատասխան, պարզաբանեց, որ թեև նախորդ անգամ քննարկվել է նախագահի լիազորությունների հարցը, սակայն քանի որ խորհրդի որոշմամբ խորհրդի անդամները կարող են դիտարկումներ անել և իրենց հարցադրումները նորից դնել քվեարկության, այդ պատճառով էլ այսօրվա օրակարգում ընդգրկվել են պարոն Սաքունցի և Իոաննիսյանի լրացուցիչ հարցադրումները և պարոն Հակոբյանի առարկությունը։
Իրավապաշտպան Սաքունցը, առարկելով, պարզաբանեց, որ իրենք կողմ քվեարկելով պառլամենտական համակարգին՝ չի նշանակում, թե կողմ են արտահայտվել նախագահի լիազորությունների, ինստիտուտի սահմանափակմանը: «Մեր կարծիքով, այո, պառլամենտական համակարգի դեպքում գործադիրի ղեկավարը վարչապետն է, սակայն նախագահի՝ որպես փոխզսպող, փոխլրացնող մեխանիզմի լիազորությունների վերաբյալ մենք դեռևս դիրքորոշում չենք արտահայտել, այդ հնարավորությունը կունենանք առաջիկայում»,- հավելեց նա։
Դանիել Իոաննիսյանը ևս առարկեց, որ խորհուրդը դեռևս կոնկրետ դիրքորոշում չի արտահայտել՝ ինչպիսին է տեսնում նախագահի ինստիտուտը, փոխզսպումների ինչպիսի՞ մեխանիզմներ է նախատեսում։ Ուստի այսօրվա օրակարգում այն նորից է ներկայացվել քննարկման՝ այս հարցերը պարզաբանելու նպատակով։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը համաձայնեց, որ այդ մեխանիզմների արդյունավետության հարցը անպայման պետք է քննարկվի, սակայն մինչև դրան հասնելը, ըստ նրա, պետք է քննարկվեր և ընդունվեր՝ խորհուրդը ցանկանո՞ւմ է նախագահի ինստիտուտին փոխզսպման մեխանիզմ տալ, թե՞ ոչ։