Սրանք շատ կոնկրետ շրջանակներից ուղղորդված մեսիջներ են. Արսեն Թորոսյանը՝ պաթոլոգիաների դեպքում երեխայի սեռը մինչև գենետիկ քննությունը «չճշտված» նշման շուրջ առաջացած աղմուկի մասին
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նիստին ներկա առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանից հետաքրքրվեց առողջապահության նախարարի՝ 2022թ. նոյեմբերի 3-ի հրամանից, համաձայն որի՝ հաստատվել է երեխայի հիվանդության պատմագրի ձևը, ըստ որի՝ երեխայի սեռը, բացի արական ու իգական տարբերակներից, կարող է նշվել նաև «չճշտված»: Պատգամավորը խնդրեց ներկայացնել, թե ինչ են ենթադրում «չճշտված» եզրույթի տակ, և ինչ տոկոսային ներկայացվածություն կա, որով կարող են օգտագործել սեռի «չճշտված» տարբերակը։  

Մինչ Լենա Նանուշյանը կարձագանքեր, հարցին պատասխանեց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

«Սա այնքան պարզունակ հարց է, որ կարելի էր ուղղակի որևէ բժշկի հարցնել՝ ինչ է սա նշանակում, և ոչ թե հանրային հարց բարձրացնել, ֆեյսբուքում գրառումներ անել, վստահ եմ, որ այս հարցը լիագումար նիստերին ևս տրվելու է ձեր խմբակցության կողմից։

Եթե ուշադրություն դարձրել եք՝ այդ ձևաթղթի մեջ փակագծերում «չճշտված» բառից հետո նշված է՝ մինչև գենետիկ քննությամբ սեռի որոշում։ Եվ լինում են դեպքեր, երբ  ծննդյան պահին սեռը հնարավոր չի լինում ճշտել, և միայն գենետիկ անալիզի արդյունքում է որոշվում է քրոմոսոմների համադրությունը, և որոշվում է սեռը։ Իմ հիշելով՝ 10 000-ից մեկ լինում է այդ խնդիրը»,- ասաց Նարեկ Զեյնալյանը։ 

Լենա Նանուշյանն էլ չկրկնելու համար Նարեկ Զեյնալյանի ասածը, նշեց, որ եթե պատգամավորին հետաքրքրում է, թե հազարից մեկն է, թե հազարից երկուսը, խնդրեց գրավոր նամակով դիմել, և իրենք առավել մանրամասն կներկայացնեն։ Արմենուհի Կյուրեղյանն էլ համարեց, որ Լենա Նանուշյանը չի կարող պատասխանել հարցին, այդ պատճառով Նարեկ Զեյնալյանը պատասխանեց, ինչից հետո Նարեկ Զեյնալյանը, արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի ասածին, նշեց, որ իրեն լիովին հասկանալի է, թե ինչ հնարավոր մանիպուլյացիաների դաշտ է  փորձում տանել հարցը, բայց շտապեց պատգամավորի կասկածները փարատել, որ նման բան չի կարող լինել, գենետիկ անալիզի ավարտից հետո սեռը ճշտված նշվելու է։   

Հարցի իրավունքով բարձրացված խնդրին արձագանքեց պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ սա մատից ծծած հերթական թեման է, որ գցվում է սոցիալական ցանցեր, հետո տիրաժավորվում է հայտնի ԶԼՄ կոչվող պարբերականների կողմից, հետո դառնում է քաղաքական օրակարգի կարևորագույն թեմա։ Արսեն Թորոսյանը բոլորին տեղեկացրեց, որ դեռ 2009 թվականին ծննդի մասին հաստատված բժշկական վկայականում, որը վերանայվել և վերահաստատվել է 2017 թվականին, կրկին նշված է, որ կա չորոշված սեռի տարբերակ։ 

«Տիկին Կյուրեղյան, երբ որ մենք սովորում էինք բժշկականում, ու ցանկալի կլինի նման մարդկանցից ինֆորմացիա ստանալ, մեզ բացատրում էին, որ, այո, կան գենետիկական անոմալիաներ, որ ծնվելու պահին հնարավոր չէ սեռը որոշել։ Դրա համար բժշկությունը որոշել է, որ այդ պահին, մինչև գենետիկական անալիզի լինելը, մենք չենք ֆիքսում որևէ փաստաթղթում։ Եվ այդ հերթական խավարամտությունը, որ փորձվում է մտցնել այս օրակարգով մեր ոչ այնքան պարզ քաղաքական օրակարգ, ինձ թվում է՝ ժամանակավրեպ է։ Եկեք  Կատարի կամ այլ հարցերի մասին խոսենք, որոնք կարող են օգտակար լինել մեր երկրին։ Սրանք շատ կոնկրետ շրջանակներից ուղղորդված մեսիջներ են, գրողն էլ հայտնի մռակաբես է՝ իր ամբողջ վերջին մի քանի տարիների պատմությամբ»,- ասաց Արսեն Թորոսյանը։  

Հանձնաժողովի նիստում այսօր քննարկված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը և  «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը  ստացան դրական եզրակացություն։  

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան