Կդիմի՞ արդյոք ԱԺ խորհուրդը ՍԴ՝ ընդդիմադիր պատգամավորներին լիազորությունները դադարեցնելու հարցով. ընդդիմադիր և իշխանական պատգամավորների կարծիքը
Ազգային ժողովի խորհրդի՝ հունվարի 13-ի նիստի օրակարգում ներառվել է «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները  դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծը։ Հիշեցնենք, որ 2022 թվականին ընդդիմադիր պատգամավորներն ամիսներով չէին մասնակցում ԱԺ լիագումար նիստերին և հանձնաժողովների նիստերին։

ԱԺ կայքում տեղադրված որոշման նախագծում նշված է, թե կոնկրետ որ պատգամավորներին է դա վերաբերում։ Արմենուհի Կյուրեղյանը, որի անունը ևս կա նշված ցանկում, մեզ հետ զրույցում ասաց, որ դրա նպատակն առաջին հերթին հանրության ուշադրությունը մեկ այլ ուղղությամբ շեղելն է և այս հարցի շուրջ հանրության մեջ աղմուկ բարձրացնելը։

«Միևնույն ժամանակ ասեմ, որ դա օրենքի պահանջ է, բնականաբար ԱԺ աշխատակազմը պետք է մեր բացակաները ներկայացնի խորհրդին, խորհուրդը պետք է որոշում կայացնի և այդ որոշումը ներկայացվի ՍԴ։ Նաև ճշգրիտ ընթացակարգ է, այնպես չի, որ մի բան այն չեն արել։ Թե խորհուրդը ինչ կորոշի, և դա ինչպես կներկայացվի ՍԴ-ում, և ՍԴ-ն ինչ կորոշի՝ դա արդեն այլ խնդիր է»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը։

Նա նշեց, որ իրենք կգնան, կգան իրենց փոխարինողները, որոնք պատրաստ են լինելու իրենցից ավելի ուժեղ, ավելի սուր, ավելի լուրջ պայքար տանել գործող իշխանությունների դեմ։

 Խոսելով իրենց բացակայությունների մասին՝ Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ իրենք չգալով՝ ներկայացրել են, թե որնէ այդ օրվա այդ պահի առաջնահերթ խնդիրը մեր երկրում։  

Այս առնչությամբ մենք զրուցել ենք նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե  Բադալյանի հետ, որը նշեց, որ նախագծի հիմնական պատճառը բացակայություններն են և ԱԺ աշխատանքներին մասնակցություն չունենալը, և կարծում է, որ դա իր մեջ ռացիոնալ և արդարացի տարրեր պարունակում է, քանի որ մարդիկ քվեարկել են կոնկրետ պատգամավորների կամ խմբակցության օգտին և գործուղել են ԱԺ՝ աշխատելու։ 

«Այս ամբողջ ընթացքում մենք չենք ունեցել ընդդիմության գեթ մեկ ներկայացուցիչ, և դա այնքանով է վատ, որ ստիպված, երբեմն քննարկումն ապահովելու համար, մենք ինքներս ենք մեզ վրա վերցնում ընդդիմության դերը և սկսում ենք հակաճառել կառավարությանը կամ բանավեճի մեջ մտնել, այնինչ դա ընդդիմության պարտականությունն է»,- ասաց Լուսինե Բադալյանը։ 

Խոսելով նաև այն մասին, որ նախորդ տարի ամիսներով չմասնակցելով ԱԺ աշխատանքներին՝ այս տարի ընդդիմադիրները մասնակցում են հանձնաժողովների նիստերին, սակայն այդ նիստերը վերածում վիճաբանության հարթակի, պատգամավորն ասաց. «Ես տեսնում եմ, որ ընդդիմությունը շատ երկար կամ ընդհանրապես հանձնաժողովներում չմասնակցելուց հետո երեկվանից սկսած որդեգրել է շատ թարմ քաղաքականություն, այն է՝ գնալ հանձնաժողովների նիստերին և փորձել շոուներ ու շատ տհաճ իրավիճակներ ստեղծել։ Ես ունեմ ներքին վստահություն, որ ինտելեկտուալ և գործին տիրապետելու հարցում մի քիչ դժվար է «Քաղաքացիական պայմանագրի» մասնագետների հետ բանավիճելը, չնայած ցանկալի է և հետաքրքիր, բայց կարծում եմ, որ բանավիճելու համար որոշակի պատրաստվածություն է պետք ունենալ, առավել ևս հանձնաժողովների նախագահների հետ բանավիճելիս։ Քանի որ այդ իմաստով անիմաստ է վիճելը, պետք է շատ տհաճ տարբերակներով որդեգրեն կռվի մեջ մտնելու քաղաքականությունը, բայց նաև վստահորեն ասում եմ, որ դա ի սկզբանե տապալված քաղաքականություն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան