Այս պահին Կիևում համեմատաբար հանգիստ վիճակ է, որևէ վտանգ չկա։ Սակայն հունվարի 15-ին, երբ ռուսական զորքը հարվածեց Դնեպր քաղաքի բնակելի շենքին, հենց այդ օրն առավոտյան 12 հրթիռով նաև հրթիռակոծեց Կիև քաղաքը։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, որն այս պահին գտնվում է Կիևում։
«Ռուսաստանը հարվածում է ամբողջ Ուկրաինան՝ Կիևը, Օդեսան, Նիկոլաևը, Խարկովը, Դնեպրը, Զապորոժիեն, Լվովը և այլ քաղաքներ ու բնակավայրեր։ Հոսանքի խնդիր կա ողջ Ուկրաինայի տարածքում՝ մասնավորապես Կիևում և Օդեսայում չափազանց վատ իրավիճակ է՝ անջատումները տևական ժամանակներով են լինում՝ 2ժամ լույս է լինում, 6-7 ժամ չի լինում»,-նշեց մեր զրուցակիցը։
Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբին, որն սկսել էր մոտ մեկ տարի առաջ՝ 2022թ․ փետրվարի 24-ին, շատերը հեռացել էին Ուկրաինայից, որոնցից մեծ մասը փախստականի կարգավիճակով։ Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ երկիրը լքած բնակիչներից շատերը նախորդ տարի գարնան-ամռան ամսիներին վերադարձան իրենց տուն, սակայն հոկտեմբերի 10-ի հրթիռակոծությունից հետո քաղաքացիների մեծ մասը ստիպված նորից լքեց երկիրը․ «Դեռ կան մարդիկ, որոնք դուրս են գալիս դեպի Արևմուտք»,-նշեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը։
Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ ազգությամբ հայերի մեջ կա 46 զոհ, որից 24-ը զինվորականն են եղել, 22-ը՝ խաղաղ բնակիչներ։
Մեր զրուցակիցը հիշատակեց նաև, որ այս պահին ռուսական զորքի տիրապետության տակ է Լուգանսկը, Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի մարզերի մի մասը։
Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի՝ 2023թ․ հունվարի 10-ի տվյալների, ռուս-ուկրաինական պատերազմում զոհվել է մոտ 7000 քաղաքացիական անձ, որից 431-ը՝ երեխա։
Հիշեցնենք, որ 2022թ․ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հատուկ ռազմական գործողություն է սկսում Ուկրաինայի դեմ՝ չճանաչված Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարների խդրանքով՝ պաշտպանելու այնտեղի ժողովրդին։ Այնուհետև սեպտեմբերի 23-27-ը ՌԴ-ի կողմից հանրաքվեներ անցկացվեցին չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը ՌԴ կազմի մեջ ընդգրկելու համար։
Նարա Մարտիրոսյան