Կորոնավիրուսից ու պատերազմից հետո շատ բան արվեց, որպեսզի տուրիզմը պահպանի գրավչությունը․ արդյունքում ունեցանք 1 միլիոն 670 000 զբոսաշրջիկ․ Մեխակ Ապրեսյան
2022 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 670 հազար զբոսաշրջիկ։ Մեզ հետ զրույցում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ այս թիվն իհարկե գերազանցում է 2021-ի ցուցանիշը գրեթե կրկնակի, սակայն դեռևս չի հասել 2019-ի ցուցանիշին, երբ զբոսաշրջիկների թիվը կազմում էր մեկ միլիոն 894 000։ 

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ զբոսաշրջային ոլորտում աճ ապահովելու համար զգալի աշխատանքներ են կատարվում և՛ պետության, և՛ մասնավորի կողմից, սակայն նա հատուկ շեշտում է հատկապես մասնավոր հատվածին, որ չնայած ծանր վիճակին՝ կորոնավիրուսից ու պատերազմից հետո, ոլորտը դեռևս չվերականգնված վիճակում գտնվելով, ամեն ինչ արեց, որպեսզի պահպանի գրավչությունը, իսկ գրավչություն նշանակում է, որ մեզանից գոհ են վերադառնում։ 

Նշենք, որ վերջերս «Ֆորբս»-ը մի հրապարակում էր արել, որով 2023 թվականի համար Հայաստանը ներառել էր ամենացանկալի ուղղությունների մեջ՝ ցանկում նշելով առաջին տեղում։ Իսկ համաձայն «Numbeo» առցանց պորտալի վերլուծության՝ 417 քաղաքների շարքում Երևանն ընդգրկվել է ամենաանվտանգ 20 քաղաքների ցանկում՝ նշելով, որ տարածաշրջանում ամենաանվտանգ երկիրը Հայաստանն է։

«Սա նույնպես շատ հետաքրքիր գնահատական է այն պայմաններում, երբ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, մեր նկատմամբ վերջերս եղավ ագրեսիա, այսօր կա նույն ագրեսիան։ Թեև զինված հարձակում չի, բայց ագրեսիա է. երբ Լաչինի միջանցքը փակ է արդեն մեկ ամսից ավելի, դա ավելի պակաս, քան ագրեսիա, չես կարող անվանել, չես կարող ասել, որ բնապահպաններ են, որովհետև բնությունը պահպանողը մարդ չի սպանում, իսկ սա ոչ այլ ինչ է, քան մարդասպանությանը միտված գործունեություն, ցեղասպանությանը միտված գործունեություն։ Եթե մարդկանց սնվելու միակ ճանապարհը փակում ես, դու չես կարող համարվել բնապահպան»,- ասաց Մեխակ Ապրեսյանը։

Նա նշեց, որ 2022 թվականը տուրիզմի համար եղավ վայրիվերումների տարի, եղան ամենատարբեր միջոցառումներ՝ «Եվրատեսիլ»-ը, «Սթարմուս»-ը, սպորտային մեծ միջոցառումներ, Տուրիզմի համաշխահային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի նիստը, որը թեև մեծ զբոսաշրջային հոսքեր չապահովեց, բայց իմիջային առումով շատ կարևոր էր, և հենց այդ միջոցառումների պատշաճ անցկացումն է պատճառ հանդիսանում, որ մենք անվտանգ երկրների ցանկում ենք հայտնվում։ 
Ինչ վերաբերում է տուրիզմի ոլորտը վերահսկելուն, Մեխակ Ապրեսյանը նշեց, որ վերջապես շրջանառվում են Զբոսաշրջության մասին նոր օրենքի  նախագիծը և առնչվող օրենքների նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ ոլորտում գործունեության մի շարք տեսակներ պետք է սահմանվեն ծանուցման ենթակա։

«Այսինքն՝ կոպիտ ասած, լիցենզավորման ենթակա, իհարկե դա լիցենզավորում չէ, այլ մեխանիզմ է՝ շատ նման լիցենզավորմանը, բայց համենայնդեպս դրանով գործունեության բոլոր տեսակներով զբաղվողները պետք է պարտադիր հաշվառվեն, իսկ դրա համար էլ պետք է համապատասխանեն այն բոլոր որակական չափանիշներին, որոնք օրենքով պետք է սահմանվեն, և նաև իրենց գործունեության ընթացքում պետք է անպայման պահպանեն օրենքով սահմանված պայմանները այդ գործունեությունների նկատմամբ»,- ասաց Մեխակ  Ապրեսյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան