Հունվարի 9-ից դպրոցներում և մանկապարտեզներում համաճարակային միջոցառումներ են իրականացվում. կրթական հաստատությունների մուտքերի մոտ ջերմաչափում են երեխաներին, որպեսզի հիվանդ երեխաների մուտքն արգելվի հաստատություն։ Սա կոչվում է «համաճարակային ֆիլտր» և իրականացվում է առողջապահության նախարարության գրության համաձայն՝ կանխելու վիրուսների տարածումը։
Հանրակրթական դպրոցի աշակերտների ծնողներից մի քանիսն ահազանգել են Civic.am-ի խմբագրություն։ Նրանք դժգոհում են, որ հիվանդ աշակերտների բացակայությունը հարգելի չի համարվում՝ ամեն օր յուրաքանչյուր առարկայից ստանում են բացականեր, իսկ որևէ առարկայից 120 բացակա ունենալու դեպքում աշակերտը պետք է վերաքննություն հանձնի։
«Հիմա համատարած վիրուս է, դպրոցի մոտ ստուգում՝ երեխաներին հետ են ուղարկում, գոնե այս ընթացքում բացակաները հարգելի համարվեն։ Որևէ առարկայից 120 ժամ բացակա ունենալու դեպքում երեխան պետք է վերաքննություն հանձնի, դա սթրես է երեխաների համար։ Երեխան գրեթե բոլոր առարկաները պետք է լավ պարապի, բայց դա արվում է արդեն ընթացիկ դասերի հետ, այսինքն՝ կրկնակի ծանրաբեռնվում է»,- դժգոհում էին Երևանի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 հիմնական դպրոցի ծնողներից մի քանիսը։
ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ծնողների բարձրաձայնած մտահոգությանը՝ նշեց, որ կարգով նախատեսված է, որ 120-200 ժամից ավելի բացակա ունեցող երեխաները պետք է վերաքննություն հանձնեն. «Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալ առարկայի ծրագիրը չի յուրացրել երեխան և պետք է քննություն հանձնի, որպեսզի հավաստվի, որ ծրագիրը յուրացվել է։ Եթե ծնողները մտահոգվում են, որ երեխաները կարող են վերաքննություն հանձնելու շեմն անցնել, ապա մինչ այդ էլ կարելի էր մտածել. իսկ ինչո՞ւ են առաջին կիսամյակում երեխայի բացակայությունները հասել արդեն 100 ժամի՝ մոտեցել շեմին, որ հիմա էլ մտահոգություն կա, որ կարող է 120-ի շեմը լրանա, և վերաքննությունների տակ ընկնի»։
Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունն ամենօրյա վիճակագրություն է ստանում, և երեխաների բացակայությունները մեծ թիվ չեն կազմում այս օրերին. «Օրինակ՝ հունվարի 16-ից հունվարի 18-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում աշակերտների ընդամենը 5 տոկոսն է բացակայել»։
Մեր այն դիտարկմանը՝ երեխաների համար որպեսզի սթրեսային չլինի քննություն հանձնելը, գործո՞ւմ է հեռավար ուսուցման կարգը, ԿԳՄՍՆ պաշտոնյան արձագանքեց. «Հեռավար ուսուցման կարգը գործում է, դպրոցները տեղյակ են հեռավար ուսուցման մասին կարգին, և նախատեսված է, որ եթե առողջական խնդիրների պատճառով երեխան չի հաճախում դպրոց, ապա մինչև 20 օր կարող է հեռավար կրթություն իրականացվել երեխայի համար։ Դպրոցները, եթե տեսնում են բացակաների շեմը մոտենում է վերաքննության, կարող են նաև հեռավար կրթություն իրականացնել»։
Արսեն Բաղդասարյանն այս համատեքստում ընդգծեց նաև, որ ուսուցման հեռավար կարգը թեպետ գործում է, բայց և՛ երեխան պետք է տեխնիկապես ապահովված լինի, և՛ դպրոցը: «Մեր բոլոր դպրոցները հագեցած են համակարգչային սենյակներով, բոլոր դպրոցներին ԿՏԱԿ-ի միջոցով տրվում է ինտերնետ, և նոր պայմանագիր է կնքվել, որ ինտերնետի արագությունը կրկնապատկվի։ Հեռավար ուսուցման կարգը նախատեսված է վիրուսային հիվանդությունների դեպքում, որոնց ապաքինման շրջանը 14-21 օր է, իսկ ավելի երկարատև բուժում պահանջող հիվանդությունների դեպքում կա նաև տնային ուսուցման կարգը»,- ասաց նա։
ԿԳՄՍՆ պաշտոնյայի խոսքով՝ հեռավար ուսուցման դեպքում աշակերտը կարող է օնլայն տարբերակով միանալ ու հետևել դասապրոցեսին, ինչպես նաև ուսուցիչը կարող է առանձին հեռավար դաս անցկացնել աշակերտի հետ. «Իսկ տնային ուսուցման կարգով նախատեսված է, որ եթե երեխան տնային կամ հիվանդանոցային պայմաններում է բուժում ստանում, և հնարավորություն չկա դպրոց հաճախելու, այդ դեպքում ժամանակացույց է կազմվում, և երեխայի կրթությունն ապահովվում է հեռավար և առկա տարբերակով»։
Երևան քաղաքի հիմնական դպրոցները քաղաքապետարանի ենթակայության տակ են գործում, միայն ավագ դպրոցներն են ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո
։
Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից մեզ տեղեկացրին, որ Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 հիմնական դպրոցը ունի բավարար տեխնիկական հագեցվածություն հեռավար ուսուցում իրականացնելու համար. «Դպրոցը տեխնիկապես կարող է անցնել հեռավարի, բայց պետք է ամեն երեխայի գծով հասկանան՝ ինչ խնդիր է, ինչով է պայմանավորված բացակայությունը։ Ամեն երեխայի դեպքը պետք է քննարկվի, որպեսզի տարբերակված մոտեցում ցուցաբերվի, օրինակ՝ ջերմող երեխաների համար հեռավար կրթությունը զրո արդյունավետություն ունի»։
Նարա Մարտիրոսյան