Արցախի համար նախատեսված 100 տոննա մարդասիրական բեռը նախորդ շաբաթ օրն է ուղարկվել, բայց մինչ այժմ դեռ Գորիսում է․ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն
Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիս քաղաքում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ: 

«Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռն Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ մարդասիրական բեռը նախորդ շաբաթ է ուղարկվել, բայց բեռը դեռ այնտեղ է. փչացող մթերքներ չկան: «Շաքարավազ, մակարոնեղեն, բրինձ ու հնդկաձավար է, այն, ինչ հենց Արցախի կառավարությունն էր խնդրել նախորդ տարեվերջին»,- ասաց նա: 

Հարցին՝ տեղյա՞կ են այս պահին բեռի տեղափոխման շուրջ բանակցություններից, հիմնադրամի տնօրենն ասաց. «Մենք ինքներս չենք զբաղվում Արցախ բեռի տեղափոխմամբ, դա ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության գործն է։ Կարծում եմ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում դա իրենք կտեղափոխեն Արցախ, որովհետեւ խիստ անհրաժեշտություն կա»։  

Գեղամ Ադյան