Գեղեցկության սրահների, լողավազանների, ջակուզիների հիգիենայի պահպանման հարցում որոշիչ են քաղաքացիների դիմում-բողոքները․ տեսչական ստուգումները 5 տարին մեկ են իրականացվում․ ԱԱՏՄ
Civic.am-ը քաղաքացիներից բողոք է ստացել լողավազանների,  մարզասրահների, վարսավիրանոցների և մատնահարդարման սրահների սպասարկման որակից, մասնավորապես սանիտարահիգիենիկ անբավարար վիճակից։ Հաշվի առնելով, որ այս ծառայությունները հանրության զգալի մասի կյանքի գլխավոր բաղադրիչներից են, մենք թեմայի առնչությամբ նաև փոքր հարցում  կատարեցինք Երևանի փողոցներում։ 

Հարցման մասնակից քաղաքացիների շրջանում  ևս դժգոհություններ հնչեցին հատկապես լողավազանների, ջակուզիների ջրի մաքրությունից՝ նշելով, որ կամ ժամանակին չեն փոխում ջուրը, կամ ախտահանում չեն անում ժամանակին, կամ ախտահանումը պահանջված նորմերով ու նյութերով չեն կատարում, որովհետև օգտվելուց հետո իրենց առողջությանը վնաս է պատճառվել։ Դժգոհություններ հնչեցին նաև մատնահարդարման սրահների սարքավորումների ոչ պատշաճ հիգիենայի պահպանումից, ախտահանման հաճախականությունից, նաև որոշակի գանգատներ կան վարսավիրանոցների պարագաների, սանրերի անբավարար մաքրությունից ու ախտահանումից։ 

Մենք դիմեցինք ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողական վարչությանը՝ պարզաբանում ստանալու, թե ի՞նչ հաճախականությամբ են ստուգումներ իրականացվում, ի՞նչ ժամկետում պետք է փոխվի լողավազանների ջուրը կամ ախտահանվի, ֆիլտրվի, վարսավիրներն ու մատնահարդարներն ինչ պարտադիր սանիտարահիգիենիկ պայմաններ պետք է ապահովեն։ 

Վարչության վերահսկողության գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյանը ասում է, որ տեսչական մարմինը սահմանված կարգով ստուգումները կատարում է՝ հաշվի առնելով, թե ռիսկային ո՞ր գոտում է տվյալ տիպի գործունեությունը՝ բա՞րձր, միջի՞ն, թե՞ ցածր։ Կոնկրետ վարսավիրանոցներն ու լողավազանները, ի տարբերություն ատամնաբուժարանների, կոսմետիկ ծառայությունների, ցածր ռիսկային գոտում են, և ըստ դրա՝ ստուգումները կատարվում են 5 տարին մեկ, եթե ընթացքում, բնականաբար, քաղաքացիների կողմից ահազանգեր, բողոքներ չեն լինում։  

Տիկին Հունանյանը այնուհետև նշեց, թե առողջապահության նախարարության սահմանած նորմերի հիման վրա ինչպես, ինչ հաճախականությամբ, ինչ տիպի ախտահանող, մանրէազերծող գործողություններ պետք է կատարեն տնտեսվարողները: Նա ներկայացրեց նաև, թե ինչպես կարելի է հասկանալ ջրի աղտոտվածությունը, և թե երբ պետք է փոխել լողավազանների ջուրը:

Ինչ վերաբերում է, օրինակ, մատնահարդարների գործունեությանը, ապա, ըստ Հունանյանի, բոլոր սարքավորումները և պարագաները համապատասխան ախտահանման պետք է ենթարկվեն յուրաքանչյուր հաճախորդից հետո, նույնն էլ վարսավիրանոցներին է վերաբերում:

Հարցին, թե  հաշվի առնելով, որ տեսչությունը հինգ տարի պարբերականությամբ է ստուգումներ իրականացնում, այդ ընթացքում  կազմակերպությունների գործունեության մեջ գրանցված խախտումները ինչպե՞ս պետք է արձանագրվեն և, որ կարևորն է, լուծվեն այդ խնդիրները, քանի դեռ ավելի մեծ թվով մարդկանց առողջությանը վնաս չի պատճառվել, ինչպիսի կարգավորումներ կան, նա պատասխանեց, որ հիմնական կարգավորիչ գործոնը քաղաքացու զգոնությունն է ու հետևողականությունը:

Ստուգումների հիման վրա խախտումներ հայտնաբերելու դեպքում տեսչությունը կազմում  է վարչական տարբեր վարույթներ՝ կախված խախտումների բնույթից։ Տիկին Հունանյանի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ տեսչության հավաքած փաստական տվյալների հիման վրա կարիք է լինում առաջարկել  դադարեցնել տվյալ կազմակերպության գործունեությունը։

Թամարա Ղազարյան

Մանրամասները՝ տեսանյությում