ԼՂ-ում շուրջ 6000 սաներ, 19 հազար աշակերտներ և 6.800 ուսանողներ զրկված են կրթության իրավունքից՝ Լաչինի միջանցքի փակման պատճառով. վարչապետ
«ԼՂ նախադպրոցական հաստատությունների շուրջ 6000 սաներ, հանրակրթական դպրոցների շուրջ 19 հազար աշակերտներ, բուհերի շուրջ 6.800 ուսանողներ արդեն մեկ ամիս զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետև արդեն 1 ամիս ԼՂ մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են»,- այսօր՝ հունվարի 26-ին, Կառավարության հերթական նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նման դեպք տեղի էր ունեցել միայն 44-օրյա պատերազմի և կորոնավիրուսի ժամանակ:

«Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փակում է նաև Լեռնային Ղարաբաղը սնուցող գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո նորից փակում, հետո նորից բացում, ասենք, 25 տոկոսով, և այսպես շարունակ»,- նշեց վարչապետը և հավելեց, որ Ադրբեջանն, այսպիսով, կիրառում է նաև գազային ճնշման գործիքը, ինչը դատապարտելի է:

Նա նշեց, որ մանկապարտեզները չեն աշխատում նաև Լաչինի միջանցքի փակման հետևանքով սննդի բացակության պատճառով. «Արդեն 46 օր ԼՂ բնականոն կյանքը խաթարված է, և հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով: Ադրբեջանը խափանել է նաև ԼՂ-ն հոսանքով ապահովող գծերի աշխատանքը, ուստի ԼՂ-ում հովհարային անջատումներ են: Բնակչությանը առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով»: