«Ռուսերենը ցանկանում ենք դարձնել Արցախում պաշտոնական լեզու, բայց ոչ պետական»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահի տեղակալ, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցը՝ հիմնավորելով, թե անհրաժեշտություն կա ռուսների հետ ավելի սերտ համագործակցելու։
Նշենք, որ Արցախի ԱԺ կայքում հրապարակվել է «Լեզվի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ հայերեն լեզվին զուգահեռ պաշտոնական լեզու է համարվելու նաև ռուսերենը։ Նախագծի ընդունման դեպքում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակություններ կլինեն, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականություն կստեղծվի, օրենքը կտարածվի նաև ԶԼՄ-ների վրա։
«Ռուսերենը մենք չենք հավասարեցնում հայերենին, հայերենը մնում է Արցախի Հանրապետության միակ պետական լեզուն, ռուսերենին մենք տալիս ենք պաշտոնական լեզվի կարգավիճակ։ Մենք Սահմանադրության փոփոխություն չենք անում, Սահմանադրության մեջ գրված է, որ Արցախի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է։ Իսկ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն ենք մտցնում՝ պաշտոնական լեզուն ինչպես հայերենն է, այնպես էլ ռուսերենը»,- մեկնաբանեց Արցախի ԱԺ նախագահի տեղակալը։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ իրավիճակից ելնելով են նման որոշում ընդունել՝ հաշվի առնելով և քաղաքական վիճակը, և պատերազմի ռազմական հետևանքները, ինչպես նաև Արցախում խաղաղապահ ուժերի առկայությունը և իրենց հետ համագործակցելու՝ տարբեր խնդիրներ լուծելու անհրաժեշտությունը․ «Հարցը տարբեր ոլորտներում համագործակցության մասին է։ Մենք պետք է հասկանանք, որ ռուսների ներկայությունը տվյալ ժամանակահատվածում թույլ կտա մեզ դիմակայել ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ՝ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական։ Բոլոր այս դեպքերում ռուսների օգնության անհրաժեշտությունը պետք է հասկանանք, և փորձենք կառուցել մեր հարաբերությունը այնպես, որ կարողանանք ապահովել Արցախի անվտանգությունը»։
Գագիկ Բաղունցը ընդգծեց, որ ինքը չի կիսում այն «ուռա-հայրենասերների» տրամադրությունը, որ մենք ինքներս կկարողանանք ապահովել մեր անվտանգությունը․ «Պատերազմը ցույց տվեց, որ տարածաշրջանում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք թույլ չեն տալիս Արցախի և Հայաստանի սեփական ուժերով ապահովել հայ ազգի անվտանգությունը։ Մենք մի քիչ ուրիշ տեսանկյունից պետք է նայենք, թե՛ խաղաղապահների առկայությանը, թե՛ Ռուսաաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների կառուցմանը։ Ամբողջ աշխարհը զարգանում է տարբեր երկրների հետ միասին բլոկ ստեղծելով՝ թե՛ ռազմական՝ օրինակ ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի և այլն, թե՛ տնտեսական։ Այսօր պետք է նայենք իրավիճակին և կարողանանք հասկանալ, թե ով է երաշխավորը մեր անվտանգության և մեր երկու հայկական պետությունների անկախության»։
Արցախի ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ ռուսերեն լեզվի կարգավիճակի բարձրացումը քայլ է ռուսների հետ ավելի խորքային հարաբերություններ ստեղծելուն․ «Մենք չենք պատրաստվում ռուսերեն լեզուն մինչև պետական լեզվի կարգավիճակ տալուն, պահպանելու ենք հայերենի գերադասությունը»։
«Լեզվի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու նախագծի հեղինակներն են Արցախի խորհրդարանի նախագահի տեղակալ․ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունից Արամ Հարությունյանն ու «Արդարություն» խմբակցությունից Մետաքսե Հակոբյանը։
Civic.am-ը զրուցել է նաև Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, որը լինելով նախագծի համահեղինակ, այնուամենայնիվ, շեշտել է, որ նախագծով ստորադասվում է հայերեն լեզուն, և եթե նախագիծը փոփոխության չենթարկվի, ինքը կհրաժարվի համահեղինակ լինելուց։
Նարա Մարտիրոսյան