«Գերի վերցնելու փաստ չունենք․ տեսանյութում հստակ երևում է՝ ադրբեջանցիները մեր զինվորներին հետ են ուղարկել տվյալ տարածքից»․ ՊՆ
«Ադրբեջանցիները նորից հայ զինվորների են գերի վերցրել» վերտառությամբ տեսանյութը երեկ ոմանց ջանքերով արագությամբ տարածվեց համացանցում՝ հերթական անգամ մեդիատեռորի ենթարկելով հասարակությանը։ Ընդ որում՝  տեսանյութը տարածվել էր ոչ միայն սոցիալական հարթակներում ու անհայտ ծագման «լրատվական» կայքերի կողմից, այլև ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից,որը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։ 
 
Ադրբեջանցիների կողմից նկարահանված տեսանյութում հստակ երևում էր, թե ինչպես են Ադրբեջանի զինծառայողները չափազանց կոպիտ ձևով որևէ տեղանքից հեռացնում հայ զինծառայողներից մի քանիսին։ 

Civic.am-ը կապ հաստատեց Պաշտպանության նախարարության հետ՝ պարզաբանություն ստանալու։ Մեր հարցին՝ թե որքանով է տեսանյութի վերնագիրը համապատասխանում իրականությանը, քանի որ այն ներկայացվել է իբրև ադրբեջանցիների կողմից հայերին գերեվարելու «փաստ», ՊՆ-ից հստակ հերքեցին, որ ադրբեջանցիները որևէ հայ զինվորի են գերեվարել այս ընթացքում․ «Վիճաբանություն է, գերի վերցնելու փաստ չունենք։ Տեսանյութում հստակ երևում է՝ ադրբեջանցիները մեր զինվորներին հետ են ուղարկել տվյալ տարածքից»։ 

Նշենք, որ այդ դեպքից հետո ՀՀ զինծառայողներն ավելի մեծ ուժերով բարձրացել են տվյալ բարձրունքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը և այդ նույն գործողությունն իրականացրել են ադրբեջանցիների նկատմամբ։

ՊՆ-ից նաև տեղեկացրեցին, որ Գեղարքունիքի ուղղությամբ սահմանի մյուս կողմում ուժերի կուտակումներ կան։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի զինծառայողների կողմից առաջխաղացմանը՝ նշեցին, որ մայիսի 12-13-ից հետո առաջխաղացում չի եղել ադրբեջանցիների կողմից։ Ինչպես նաև տեղեկացրեցին, որ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ՝ կամ տեսանյութի տեսքով, կամ տեքստային։

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը նախ հերքեց, որ տարածվող տեսանյութն առնչություն ունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ, այնուհետև հաստատեց, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում։

ՀՀ ՄԻՊ-արձագանքելով հրապարակված տեսանյութին՝ ընդգծել էր․ «2021 թ. մայիսի 17-ին ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ զինված ուժերի ծառայողների իրավունքները կոպիտ խախտող արարքները, ինչպես ակնհայտ երևում է հրապարակված տեսանյութից, բացահայտ պարունակում են հանցագործության հատկանիշներ: Հետևաբար, ՀՀ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ այսօր նախքան կառավարության նիստն սկսելն ըդնգծեց, որ ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան 2 ժամ տեղի ունեցած գործողությունների տեսանյութից հրապարկել է 3 րոպեանոց հատվածը, և այն տարածողները չեն նշել, որ դրա սկզբնաղբյուրն Ադրբեջանն է։