Ջուլիան Ասանժը ազատ է արձակվել. WikiLeaks-ը կշարունակի իր գործունեությունը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը այսօր՝ հունիսի 26-ին, ԱՄՆ-ի Սայպան կղզու շրջանային դատարանի կողմից ազատ է արձակվել։ Դատարանը լրագրողին ազատ է արձակել այն բանից հետո, երբ վերջինս ԱՄՆ իշխանությունների հետ գործարքի շրջանակներում իրեն մեղավոր է ճանաչել լրտեսության մասին օրենքը խախտելու մեջ:


Դատավարության ժամանակ Ասանժը, ինչպես գրում է The Washington Post-ը, հայտարարել է, որ իր կարծիքով՝ իր աշխատանքը, որպես լրագրող, պետք է պաշտպանված լինի ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությամբ (այն երաշխավորում է խոսքի և մամուլի ազատությունը), և հավելել է, որ դա հակասում է լրտեսության մասին օրենքին, բայց հասկանում է, որ նման գործը շահելը «դժվար կլինի՝ հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները»: Այս դիտողությունը, ինչպես գրում է WP-ն, լրացուցիչ հարցեր է առաջացրել դատավորի մոտ, և Ասանժի փաստաբանը ստիպված է եղել պարզաբանել, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր է ճանաչում։

 

Դատավորը նշել է, որ Ասանժի գործով տուժողներ չկան՝ նրա գործողությունները չեն հանգեցրել որևէ մեկի մարմնական վնասվածքի։ «Դուք կարող եք այս դահլիճից դուրս գալ որպես ազատ մարդ»,- նրա խոսքերն է մեջբերում CNN-ը։


Դատարանից դուրս գալիս Ասանժի պաշտպան Բարրի Փոլաքը լրագրողներին ասել է, որ իր պաշտպանյալը «չափազանց տուժել է խոսքի և մամուլի ազատության համար պայքարում»: Ասանժի փաստաբանը լրագրողներին նաև հայտնել է, որ WikiLeaks-ը կշարունակի իր աշխատանքը։ Ինքը՝ Ասանժը, հրաժարվել է մեկնաբանություններից:


Ասանժի դեմ գործը դադարեցվել է, իսկ ամերիկյան իշխանությունները նաև հետ են կանչել արտահանձնման վերաբերյալ իրենց դիմումը։


«Նա շատ հուզված էր, մի փոքր տագնապած, բայց հիմնականում երջանիկ, որ այսքան տարի անց կարող էր հայտնվել ազատության մեջ»,- լրագրողներին ասել է Ասանժի եղբայրը՝ Գաբրիել Շիպտոնը։


CNN-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ասանժը դեռ չի մտածել WikiLeaks-ում աշխատանքը վերականգնելու մասին, քանի որ ցանկանում է ժամանակ անցկացնել ընտանիքի հետ և վերականգնել առողջությունը:


Ազատ արձակվելուց հետո Ասանժը կմեկնի Ավստրալիա, որտեղ նրան սպասում են կինն ու երկու երեխաները։ Ակնկալվում է, որ նա Կանբերա կթռչի այսօր երեկոյան։