«Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ում. մենք դա շատ հստակ հասկացրել ենք». Պետդեպ

«Այս գագաթնաժողովի արդյունքներով դուք կտեսնեք մի շարք հայտարարություններ։ Հասկանալի պատճառներով ես շատ առաջ չեմ անցնի, բայց դուք կտեսնեք, որ Ուկրաինային նոր ռազմական, դիվանագիտական ​​և տնտեսական աջակցության մասին կհայտարարվի։ Ուկրաինայի համար կտեսնեք «դեպի ՆԱՏՕ կամրջի» վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ։ Դուք կտեսնեք լրացուցիչ հայտարարություններ հակաօդային պաշտպանության զգալի միջոցների մասին, որոնք դաշնակիցները կտրամադրեն Ուկրաինային։ Եվ դուք կտեսնեք, թե ինչպես մենք կշարունակենք խոսակցությունն առ այն, թե ինչպես կարող ենք լավագույնս ինտեգրել Ուկրաինային ՆԱՏՕ-ում՝ օգնելով Ուկրաինային քայլեր ձեռնարկել անդամակցության ուղղությամբ առաջ շարժվելու համար»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և հարցին, թե ինչ կարող է առաջարկել ԱՄՆ-ն Ուկրաինային:   


Պատասխանելով հարցին, թե միգուցե այդ «կամուրջը» ոչ մի տեղ չտանող է, Միլլերն ասել է, որ ապագայում Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ում. «Դուք ստիպված կլինեք սպասել՝ շաբաթվա վերջին պաշտոնական հայտարարությունը տեսնելու համար: Ես առաջ չեմ ընկնի, բայց այն կներառի քայլեր, որոնք Դաշինքը պատրաստ է ձեռնարկել, և որոնք Ուկրաինան նույնպես պետք է ձեռնարկի, որպեսզի այդ կամրջով անցնի լիիրավ անդամակցության: Մենք շատ հստակ հասկացրել ենք, և դուք լսել եք, թե ինչպես է նախագահը ասում, որ Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ում»: