Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Կիևի մանկական հիվանդանոցին ռուսական հարվածների հետևանքները։ Այս մասին Reuters-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները։
Ռուսաստանը երեկ՝ հուլիսի 8-ին, հրթիռային հարված է հասցրել Կիևի մանկական հիվանդանոցին և նմանատիպ հարվածների ենթարկել Ուկրաինայի այլ քաղաքներ:
Ուկրաինայում խաղաղ բնակչությանը հասցված զանգվածային
հրթիռային հարվածի հետևանքով զոհվածների թիվը
հասել է 37-ի, հայտարարել է Ուկրաինայի
նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Զոհերի
թվում են երեք երեխաներ: Եվս 170 մարդ, այդ թվում՝ 13 երեխա, ստացել է վիրավորում։ «Ընդհանուր առմամբ վնասվել է գրեթե 100 օբյեկտ՝ մանկական
հիվանդանոց, սովորական տներ, մանկապարտեզներ, ծննդատուն, քոլեջ, բիզնես կենտրոն։
Տեղում շարունակվում է փլատակների
մաքրումը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը
խստորեն դատապարտել է ռուսական հարվածները։ Նա հրթիռային հարվածները մանկական
հիվանդանոցի և ևս մեկ առողջապահական օբյեկտի ուղղությամբ անվանել է «հատկապես
ցնցող»: Այս մասին հայտարարել է Ստեֆան Դյուժարիկը:
«Քաղաքացիների և
քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարվածներն արգելված են միջազգային
մարդասիրական իրավունքով։ Ցանկացած նման հարձակում անընդունելի է և պետք է անհապաղ
դադարեցվի»,- հայտարարել է Գուտերեշի ներկայացուցիչը։
Անվտանգության խորհրդի նիստը գումարվում է Մեծ
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Էկվադորի, Սլովենիայի և ԱՄՆ-ի պահանջով։