ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի
հատուկ օգնական և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում եվրոպական գործերով ավագ տնօրեն
Մայք Քարփենթերը հայտարարել է, որ Վրաստանի հետ ԱՄՆ համագործակցությունը
ներկայումս վերանայվում է։ Այս մասին նա հայտարարել է Պետդեպում կայացած
ճեպազրույցում։
«Վրաստանի հետ մեր համագործակցության մեծ
մասը ներկայումս գտնվում է վերանայման մեջ՝ ներառյալ Noble Partner զորավարժությունները
և Վրաստանի կառավարության հետ այլ փոխգործակցությունները»,- Քարփենթերի խոսքերը
մեջբերում է «Ամերիկայի ձայնը»:
Քարփենթերը պարզաբանել է, որ «Վրացական
երազանքի» կառավարության գործողություններն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի և Եվրամիության
արևմտյան չափանիշներին։
«Անկեղծ ասած, երբ մենք տեսնում ենք
քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշում, երբ մենք տեսնում ենք ընդունված
օրենքներ, որոնք սահմանափակում են Վրաստանում հիմնարար ազատությունների
տարածությունը, այդ ամենը անհամատեղելի է այն արժեքների հետ, որոնց վրա հիմնված է
ՆԱՏՕ-ի դաշինքը։ Մենք դա համատեղելի չենք համարում նաև եվրատլանտյան կառույցների,
այդ թվում՝ Եվրամիության հետ։ Ուստի մենք հույս ունենք տեսնել Վրաստանի
կառավարության կողմից ուղղության, ռազմավարական ուղղության փոփոխություն»,- ասել է
Քարփենթերը: