Բայրամովը Խավիեր Կոլոմինայի հետ զրույցում կրկին բողոքել է ՀՀ սպառազինությունից, Սահմանադրությունից

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Վաշինգտոնում հանդիպել է դաշինքի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային։


Խոսելով հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում անվտանգության ներկա իրավիճակի մասին՝ Բայրամովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «խաղաղ բնակչության նկատմամբ ականային սպառնալիքները Հայաստանի կողմից դեռ շարունակվում են, Հայաստանն արագորեն զինվում է»։

 

Նշվել է, որ Ադրբեջանը, «որպես Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հիմնական տարրերի նախաձեռնող, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ»։


Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի նախագծում զգալի առաջընթացին, «Հայաստանի Սահմանադրության մեջ, ինչպես նախկինում, պարունակվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններ»։