Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել՝ ՌԴ պատվերով Ղրիմից ուկրաինական հացահատիկ տեղափոխելու համար

Սև ծովի ջրային ավազանում՝ Օդեսայի մարզում, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կալանել է արտասահմանյան բեռնատար նավ և ձերբակալել նրա նավապետին, որն օգնում էր ռուսներին Ղրիմից դուրս բերել ուկրաինական հացահատիկ։


Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով՝ որոշ ժամանակ նավն ընթացել է Կենտրոնական Աֆրիկայի երկրներից մեկի դրոշի ներքո, իսկ նրա անձնակազմը կատարել է Ղրիմից ուկրաինական հացահատիկ տեղափոխելու Ռուսաստանի Դաշնության պատվերները։ Մասնավորապես, 2023-2024 թվականներին նավը բազմիցս կառանել է Սևաստոպոլի նավահանգստում և բեռնել գյուղմթերքը։ Այնուհետև նավը բեռը տեղափոխել է Մերձավոր Արևելք՝ վաճառքի:


 Իր գործունեությունը թաքցնելու համար նավի նավապետն անջատել է GPS-ը և անարժանահավատ տվյալներ է մուտքագրել նավի երթուղիների ու կանգառների մատյանում, շարունակել է դուրս բերել Ռուսաստանի կողմից բռնակցված Ուկրաինայի տարածաշրջաններից գողացված հացահատիկի բազմատոննայանոց բեռներ:


Պարզվել է, որ բեռնատար նավի նավապետը Ադրբեջանի քաղաքացի է, իսկ անձնակազմը բաղկացած է 12 արտասահմանցիներից: