Հոլիվուդում Դեմոկրատական կուսակցության ազդեցիկ կողմնակից, ամերիկացի դերասան Ջորջ Քլունին The New York
Times-ի սյունակում ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին կոչ է արել դուրս գալ նախագահական ընտրապայքարից:
Հրապարակման մեջ դերասանը նշում է, որ ամբողջ կյանքում եղել է դեմոկրատ և բազմիցս մասնակցել է Դեմոկրատական կուսակցության թեկնածուների համար դրամահավաքներին։
«Ես սիրում եմ Ջո Բայդենին՝ որպես սենատորի, որպես փոխնախագահի և նախագահի։ Ես նրան ընկեր եմ համարում և հավատում եմ նրան։ Հավատում եմ նրա խառնվածքին։ Հավատում եմ նրա բարոյական որակներին։ Անցած չորս տարիների ընթացքում նա հաղթել է բազմաթիվ մարտերում, որոնց ստիպված է եղել բախվել: Բայց միակ մարտը, որը նա չի կարող հաղթել, ժամանակի դեմ պայքարն է: Մեզանից ոչ ոք չի կարող։ Ահավոր է դա ասել, բայց Ջո Բայդենը, որին ես հանդիպեցի երեք շաբաթ առաջ դրամահավաքի ժամանակ, 2010 թվականի Ջո Բայդենը չէր: Նա նույնիսկ 2020 թվականի Ջո Բայդենը չէր։ Դա այն նույն մարդն էր, ում բոլորս տեսանք (Դոնալդ Թրամփի հետ) բանավեճում»,- գրում է Քլունին։
Դերասանի կարծիքով՝ Դեմոկրատական կուսակցության առաջնորդները պետք է դադարեն ձևացնել, թե «51 միլիոն մարդ չի տեսել այն, ինչ իրականում տեսել է»։ Նա
կարծում է, որ դեմոկրատները «այնքան վախեցած են» Թրամփի երկրորդ ժամկետի
հեռանկարից, որ նրանք «որոշել են անտեսել բոլոր նախազգուշական նշանները»:
Քլունին ընդգծում է, որ «ամբողջ հարցը տարիքն է» և ուրիշ
ոչինչ: Նա կարծում է, որ Բայդենի հետ դեմոկրատները չեն կարող հաղթել նախագահական
ընտրություններում։
«Սա ոչ միայն իմ կարծիքն է: Սա յուրաքանչյուր սենատորի,
Կոնգրեսի անդամի և նահանգապետի կարծիքն է, որի հետ ես զրուցել եմ առանձին:
Յուրաքանչյուրի կարծիքն է՝ անկախ նրանից, թե ինչ է նա հրապարակայնորեն ասում»,- հայտարարել
է Քլունին:
Քլունին
կարծում է, որ Դեմոկրատական կուսակցությունը դեռ ժամանակ ունի նախագահական մրցավազքի նոր թեկնածու ընտրելու համար։
Սյունակի
վերջում նա Բայդենին անվանում է հերոս, ով «փրկեց» ժողովրդավարությունը 2020
թվականին։ «Մեզ պետք է, որ նա դա նորից անի 2024 թվականին»,- եզրափակել է դերասանը։