ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձով դիմել է ամերիկացի ժողովրդին՝ կապված
Սպիտակ տան նախկին ղեկավար, նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի հետ։ Հայտարարության
մեջ, որը նա գրի է առել Օվալաձև աշխատասենյակում, նա ամերիկացիներին կոչ է արել հրաժարվել քաղաքականության մեջ բռնությունից: ԱՄՆ
նախագահի հայտարարությունը մեջբերում է BBC-ն։
«Մենք պետք է իջեցնենք մեր քաղաքականության մեջ ջերմաստիճանը,- հայտարարել է
Բայդենը իր ուղերձում, որը տևել է մոտ յոթ րոպե:- Չի կարելի թույլ տալ, որ նման
բռնությունը դառնա նորմ: Քաղաքական հռետորաբանությունը մեր երկրում շատ է թեժացել։
Ժամանակն է սառեցնել այն: Սա անելը բոլորիս պատասխանատվությունն է»։
Բայդենն ասել է, որ քաղաքականությունը պետք է
լինի «խաղաղ բանավեճի ասպարեզ», և բռնությունը երբեք չի կարող լինել պատասխան:
Քաղաքական պայքարը «երբեք չպետք է դառնա իրական մարտադաշտ և, Աստված մի արասցե,
սպանության դաշտ»,- հավելել է նախագահը։
«Ամերիկայում մենք մեր տարաձայնությունները լուծում ենք քվեատուփի մոտ։ Հիմա
դա անելու ժամանակն է: Քվեատուփի մոտ, ոչ թե փամփուշտների օգնությամբ»,- ասել է
Բայդենը։
Նախագահը Թրամփին մաղթել է շուտափույթ
ապաքինում և 50-ամյա հրշեջ Քորի Կոմփերտորին անվանել հերոս, ով սպանվել է Թրամփի
հանրահավաքի ժամանակ՝ պաշտպանելով իր ընտանիքի անդամներին գնդակից։
Թրամփի հանրահավաքի ժամանակ տուժած ևս երկու
անձինք՝ 57-ամյա Դևիդ Դատչը և 74-ամյա Ջեյմս Կոպենհեյվերը, ծայրահեղ վիճակում
գտնվում են հիվանդանոցում։
Բայդենը նաև նշել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները դեռևս որևէ հստակ
եզրակացություն չեն արել հարձակվողի դրդապատճառների վերաբերյալ։ BBC-ն նշում է, որ
իր ուղերձում նախագահը, ամեն ինչից դատելով, ակնարկել է, որ արժանահավատ փաստերի
բացակայության պայմաններում համացանցում սկսել են տարածվել բազմաթիվ կեղծ
պնդումներ և դավադրության տեսություններ։
«Հրաձիգի դրդապատճառները առայժմ մեզ անհայտ
են։ Մենք չգիտենք, թե նա ինչ հայացքներ ուներ և ում էր աջակցում։ Մենք չգիտենք՝ նա
որևէ մեկից օգնություն կամ աջակցություն ստացե՞լ է և որևէ մեկի հետ շփվե՞լ է»,-
ասել է Բայդենը։