Բաքուն կրկին ջղաձգվել է Ֆրանսիայի նախագահ
Էմանուել Մակրոնի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից, որը Ֆրանսիայի նախագահը
հնչեցրել է Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի
շրջանակներում մամուլի ասուլիսին։
Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ, մասնավորապես,
ափսոսանք է արտահայտվում, որ «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արդարացնում է Հայաստանի
ռազմականացման քաղաքականությունը և դրսևորում բացահայտ կողմնակալ դիրքորոշում Ադրբեջանի
նկատմամբ, ինչը տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և խաղաղության գործընթացին
խոչընդոտելու Ֆրանսիայի փորձերի ևս մեկ վառ օրինակ է»։
Ադրբեջանը ֆրանսիական կողմին «հիշեցնում» է, որ
«պատերազմը վարել են Ադրբեջանի ինքնիշխան տարածքում, որպեսզի վերջ դնեն Հայաստանի
30-ամյա օկուպացիային, և դա միջազգային իրավունքի շրջանակներում եղել է մեր երկրի
օրինական իրավունքը: Ադրբեջանի ցանկացած ջանք, այդ թվում՝ իր ռազմական ներուժի
հզորացումը, ուղղված է եղել և ուղղված է արդարացի նպատակին։ Սակայն դա չի կարելի
ասել Հայաստանի մասին, որը օկուպացիոն պետություն է»:
«Ուզում
ենք նաև հիշեցնել, որ Ֆրանսիայի նման պետությունների քաղաքականությունն էր, որ
չնպաստեց հակամարտության խաղաղ կարգավորմանը, թույլ չտվեց դադարեցնել Հայաստանի
կողմից ադրբեջանական տարածքների օկուպացումը, որ գրեթե 30 տարի կոծկեց Հայաստանի
ագրեսիան: Հաշվի առնելով վերը նշվածը՝ մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ
Ֆրանսիայի ջանքերը, որոնք չեն ծառայում խաղաղությանը և խաթարում են տարածաշրջանում
կայունությունը, որևէ արդյունքի չեն տա»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանության
մեջ։