ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դուրս գալը նախագահական ընտրապայքարից դարձել է ժամանակի
հարց՝ պետության ղեկավարին իր կուսակիցների և հովանավորների կողմից աջակցության
կորստի ֆոնին։ Այսպիսի պնդմամբ է հանդես եկել The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում
անելով բարձրաստիճան դեմոկրատներին մոտ կանգնած անանուն աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ կորոնավիրուսով
վարակված Բայդենի արտաքին տեսքը, ինչպես նաև մի շարք վրիպումներ, որոնք նա թույլ է
տվել վերջին հարցազրույցներում, դեմոկրատների մտավախությունն են առաջացրել առ այն,
թե նա արդյոք ի վիճակի՞ է մասնակցելու նախընտրական արշավին և մնալու
Սպիտակ տանը երկրորդ ժամկետում:
Պարբերականի աղբյուրները նշում են, որ ներկայիս
իրավիճակում նախագահի կուսակիցները նրա դուրս գալը նախագահական ընտրապայքարից
համարում են միայն ժամանակի հարց և արդեն ակտիվորեն ծրագրում են իրենց հաջորդ
քայլերն այն բանից հետո, երբ նա կհրաժարվի առաջիկա ընտրություններին մասնակցությունից։
Նրանց տեղեկություններով՝ հուլիսի 17-ին Նյու
Յորքում կայացել է դեմոկրատների խոշոր հովանավորների հանդիպում, որի ժամանակ նրանք քննարկել են այդ
կուսակցության նախընտրական արշավի ֆինանսավորումը դադարեցնելու հարցը, քանի դեռ Բայդենը
չի լքել ընտրապայքարը։
Սպիտակ տանը WSJ-ի աղբյուրները պնդում են, որ
իրենք շարունակում են անտեղյակ լինել Բայդենի ծրագրերից, քանի որ պետության
ղեկավարի մերձավոր շրջանակը վերջին ժամանակներս նեղացել է: Նրանցից ոմանք, սակայն,
նշում են, որ «Բայդենի իշխանությունը թուլացել է», և տեղի ունեցողը բնութագրել են որպես
«վերընտրվելու համար նրա պայքարի ավարտի սկիզբ»։
«Ճնշումը (Բայդենի վրա) անհաղթահարելի է»,-
մեջբերում է բրիտանական The Financial Times (FT) թերթը անանուն բարձրաստիճան
դեմոկրատի խոսքերը: Նրա գնահատականներով՝ Բայդենը
կարող է լքել նախագահական ընտրապայքարը «արդեն երկուշաբթի (հուլիսի 22-ին)»։ Պարբերականի
այլ աղբյուրներ կարծում են, որ նախագահը կարող է հրաժարվել նախընտրական արշավին
մասնակցությունից նույնիսկ ավելի վաղ։