Առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում՝ Թուրքիայում։


Դեսպան Մեհդի Սոբհանին այս մասին հայտարարել է SNN գործակալությանը տված հարցազրույցում։ Մեհդի Սոբհանին, խոսելով Կապանում գործող իրանական հյուպատոսության մասին, նշել է, որ այն բարելավել է սահմանային հաղորդակցությունը և արագորեն լուծումներ է տալիս տեղում ծագող խնդիրներին։ Նա հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններին մարդկանց մասնակցությունը մեծացնելու գործում արդյունավետ է եղել նաև հենց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Սոբհանիի խոսքով՝ Կապանում աշխատող իրանցի վարորդները կարողացել են մասնակցել ընտրություններին, և դա ցույց է տալիս հյուպատոսության կարևորությունը Հայաստանում բնակվող իրանցիների գործերի առաջմղման գործում։


Նա հայտնել է, որ Իրանի հյուպատոսությունը կազմակերպում է նաև պարսկերենի դասընթացներ տեղի բնակչության և հայ մաքսավորների համար։Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին՝ դեսպան Սոբհանին ևս մեկ անգամ վերահաստատել է Թեհրանի տեսլականն այս հարցում․ «Մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միանգամայն հստակ է. մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանն ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ 


Նա հավելել է, որ անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում բխում են Իրանի շահերից, և Թեհրանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ։  Սոբհանին հիշեցրել է, որ Իրանն առաջարկել է 3+3 ձևաչափի գաղափարը, և առաջին հանդիպման անցկացումը 13-րդ կառավարության ձեռքբերումներից մեկն է եղել։  «Այս հարթակի ԱԳ նախարարների հանդիպումն առաջին անգամ կայացավ Թեհրանում, հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս՝ Թուրքիայում», – տեղեկացրել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը։