Հարիսի նախընտրական արշավի համար ժամերի ընթացքում միլիոնավոր դոլարներ են հավաքվել

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի նախընտրական շտաբը հավաքել է ավելի քան 55 միլիոն դոլար նվիրատվություն այն բանից հետո, երբ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը դուրս է եկել նախընտրական արշավից։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով ActBlue-ին, որը զբաղվում է դեմոկրատների համար միջոցներ հավաքելով։


Համաձայն այս տեղեկատվության՝ Հարիսի նախընտրական արշավին ուղղված ոչ մեծ նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 55 միլիոն դոլար: Ավելի վաղ հաղորդվել է, որ ընտրապայքարից Բայդենի դուրս գալուց հետո առաջին հինգ ժամերին Հարիսին հաջողվել է հավաքել $27,5 մլն: Politico-ն ավելի վաղ հայտնել է, որ Բայդենի նախընտրական արշավի համար նվիրատվությունները, որոնց ընդհանուր ծավալը հունիսի վերջի դրությամբ հասել էր մոտ 95 միլիոն դոլարի, գործող առաջնորդի ընտրապայքարից դուրս գալուց հետո կուղղվի Հարիսի նախընտրական քարոզարշավն անցկացնելու համար: Իր հերթին The Washington Examiner-ը նշել է, որ միջոցները պետք է փոխհատուցվեն դոնորներին, եթե կուսակցության թեկնածուն դառնա ոչ թե Հարիսը, այլ մեկ ուրիշ քաղաքական գործիչ:


Politico-ն նշում է, որ մինչև կիրակի երեկոյան Հարիսի առաջադրումը որպես ԱՄՆ նախագահի թեկնածու պաշտպանել են ամերիկացի առնվազն 26  դեմոկրատ սենատորներ և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 72 անդամներ։ Բացի դրանից, ի պաշտպանություն Հարիսի հանդես են եկել ամերիկյան նահանգների շատ նահանգապետեր, այդ թվում՝ Նյու Ջերսիի, Նյու Յորքի, Կալիֆոռնիայի, Միչիգանի և Փենսիլվանիայի: