«Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները սպառնալիքի տակ են». Պետդեպ

«Վրաստանի կառավարությունը կտրուկ շեղվել է ժողովրդավարական ուղեգծից, ինչը սպառնալիքի տակ է դնում երկրի եվրաատլանտյան ձգտումները և հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեին, որտեղ անցկացվել են լսումներ՝ նվիրված 2024 թվականին ընտրություններին, ինչպես նաև Վրաստանում և Մոլդովայում ԱՄՆ քաղաքականությանը։


Հաքն անդրադարձել է Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի թեմային և հայտարարել, որ «Վրացական երազանքն» ընդունել է «ոչ ժողովրդավարական օրինագծեր», դրանով իսկ «դեմոնիզացնելով քաղաքացիական հասարակությանը», ինչպես նաև ապատեղեկացրել է հասարակությանը և վարկաբեկել ամերիկյան ու եվրոպացի գործընկերներին, որոնք «տասնամյակներ շարունակ աջակցել են Վրաստանին»։


««Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքը, որն ընդունվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից մայիսի 28-ին, հակաժողովրդավարական շրջադարձի խորհրդանիշն է։ Այդ օրենքը, որը Ռուսաստանում ընդունված օրենքի պատճենն է, ստեղծվել է այն բանի համար, որպեսզի լռեցնեն քննադատական ​​ձայները»,- ասել է Հաքը։