ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Սպիտակ
տան Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու համար 2024 թվականի ընտրություններին
մասնակցությունից հրաժարվելու և էստաֆետան Քամալա Հարիսին փոխանցելու իր որոշումը։
Նախագահական ընտրապայքարից դուրս գալուց հետո ազգին
ուղղված իր առաջին ուղերձում նախագահը ներկայացրել իր ժառանգությունը որպես
ակնառու և հայտարարել, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում է մնալու իր ժամկետի ավարտին
մնացած վեց ամիսներին:
«Ժողովրդավարության պաշտպանությունն ավելի կարևոր
է, քան ցանկացած կոչում։ Ես ուժ եմ առնում և ուրախություն գտնում ամերիկյան ժողովրդի
բարօրության համար աշխատելու մեջ: Ես որոշեցի, որ առաջ գնալու լավագույն ուղին էստաֆետան նոր սերնդին փոխանցելն է։ Սա լավագույն
միջոցն է համախմբելու մեր երկիրը։ Հասարակության կյանքում կա ժամանակ և տեղ երկար տարիների
փորձ ունեցող մարդկանց համար: Կա նաև ժամանակ և տեղ նոր ձայների, թարմ ձայների համար
և, այո, երիտասարդ ձայների համար»,- ասվում է հայտարարության մեջ, որը պարունակում
է հատվածներ ԱՄՆ նախագահի ելույթից:
«Ես կարծում եմ, որ իմ ձեռքբերումները նախագահի
պաշտոնում, իմ առաջնորդությունն աշխարհում, իմ տեսլականը Ամերիկայի ապագայի
վերաբերյալ, այս ամենն արժանի էին երկրորդ ժամկետի: Բայց մեր ժողովրդավարությունը
փրկելու ճանապարհին ոչինչ չի կարող կանգնել։ Սա վերաբերում է նաև անձնական
հավակնություններին»,- ասել է նա։
Բայդենը հաստատել է, որ առաջիկա վեց ամիսների
ընթացքում ինքը կենտրոնանալու է նախագահի իր պարտականությունների կատարման վրա։
«Սա նշանակում է, որ ես կշարունակեմ նվազեցնել ծախսերը աշխատող ընտանիքների համար և
զարգացնել մեր տնտեսությունը: Ես կշարունակեմ պաշտպանել մեր անձնական
ազատությունները և մեր քաղաքացիական իրավունքները՝ քվեարկության իրավունքից մինչև
ընտրության իրավունք»:
«Ես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես
սիրում եմ իմ երկիրը: Այս երկրին որպես նախագահ ծառայելը իմ ամբողջ կյանքի պատիվն
է եղել»,- հավելել է նա։
Բայդենը նաև կոչ է արել ամերիկացիներին աջակցել Քամալա
Հարիսին, ով մոտ ապագայում պետք է դառնա ԱՄՆ նախագահի թեկնածու։ «Ես կատարել եմ իմ
ընտրությունը, հիմա ընտրությունը քոնն է»,- ասել է Բայդենը։