Բան ունես ասելու, ասա իմ երեսին․ Հարիսը նշել է, որ Թրամփը փորձում է խուսափել բանավեճից

Երկրի բարձրագույն պաշտոնին հավակնող ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի համոզմամբ՝ ընտրապայքարի իր գլխավոր մրցակից Դոնալդ Թրամփը փորձում է խուսափել իր հետ նախընտրական հեռուստաբանավեճին մասնակցելուց։


«Ընտրապայքարի դինամիկան փոխվում է: Եվ ապացույցներ կան, որ Դոնալդ Թրամփը դա զգում է։ Դուք ըստ երևույթին նկատել եք դա, որ անցյալ շաբաթ նա հրաժարվեց սեպտեմբերին հեռուստաբանավեճին մասնակցելուց, որին նախապես համաձայնել էր»,- ասել է Հարիսը Ջորջիա նահանգում անցկացված հանրահավաքում:


«Նա չի ցանկանում բանավիճել, բայց նրա թեկնածուն [Հանրապետականի փոխնախագահի թեկնածու Ջեյմս Դեյվիդ Վենսը] շատ է խոսում իմ մասին»,- հավելել է նա:


«Դոնալդ, հուսով եմ՝ կփոխես բանավեճի ժամանակ բեմում ինձ հետ հանդիպելու մասին կարծիքդ: Որովհետև, ինչպես ասում են, եթե ինչ-որ բան ունես ինձ ասելու, ասա իմ երեսին», - ընդգծել է Հարիսը: