ԱՄՆ փոխնախագահ դեմոկրատ Քամալա Հարիսի նախընտրական շտաբը հրաժարվել է ԱՄՆ նախկին առաջնորդ հանրապետական Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 4-ին Fox News հեռուստաալիքի հարթակում բանավեճ անցկացնելու առաջարկից, նշվում է Քամալա Հարիսի շտաբի գրավոր հայտարարության մեջ։
«Դոնալդ Թրամփը վախեցած է և փորձում է խուսափել բանավեճին մասնակցելուց, որին նա արդեն տվել էր իր համաձայնությունը, ու հիմա վազում է ուղիղ դեպի Fox News, որպեսզի հեռուստաալիքը օգնի իրեն: Նա պետք է դադարի խաղեր խաղալ և ներկայանա սեպտեմբերի 10-ի բանավեճին, որին նա արդեն հաստատել է իր մասնակցությունը: Փոխնախագահն այս կամ այն կերպ կլինի այնտեղ, որպեսզի օգտվի համազգային լսարանի առջև փրայմթայմում ելույթ ունենալու հնարավորությունից: Մենք ուրախ կլինենք քննարկել հետագա բանավեճերն այդ բանավեճից հետո, որոնց երկու շտաբներն արդեն համաձայնել են: Դոնալդ Թրամփը «ցանկացած պահի, ցանկացած վայրում» չպետք է որևէ խնդիր ունենա այդ հարցում, քանի դեռ նա շատ չի վախենում ամսի 10-ին բանավեճի ներկայանալուց»,- ասված է հայտարարության մեջ։