ԱՄՆ-ն չէր ցանկանա, որ Իրանը պատասխան գործողություններ ձեռնարկի Իսրայելի դեմ․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակմանը։


«Ես չեմ կարող ասել՝ ինչ տեղի կունենա, կամ ինչ տեղի չի ունենա։ Այդ որոշումը պետք է կայացնի Իրանը։ Մեր դիվանագիտական խողովակներով անընդհատ ազդակներ ենք հղում՝ կոչ անելով փոխանցել Իրանի կառավարությանը, որ էսկալացիան իրենց շահերից չի բխում, և որ մենք կպաշտպանենք Իսրայելին հարձակումներից։ Դա չի բխում նաև տարածաշրջանում որևէ մեկի շահերից։ Ուստի չեմ ուզում ասել, որ դա անխուսափելի է։ Իհարկե, ռիսկ կա, և այդ պատճառով մենք շարունակում ենք այդ բանակցությունները»,- ասել է Միլլերը:


Նա հավելել է, թե ԱՄՆ-ն չէր ցանկանա, որ Իրանը պատասխան գործողություններ ձեռնարկի։ Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին ոչ միայն Իրանից, այլև Իրանի հետ կապ ունեցող խմբավորումներից։