Թեհրանը Իսրայելին պատասխանելու համար ոչ մեկից թույլտվություն չի խնդրելու. Իրանի ԱԳՆ

Իրանը ոչ մեկից թույլտվություն չի խնդրելու ինքնիշխանությունը պաշտպանելու իր իրավունքից օգտվելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։


 

Երկուշաբթի օրը Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Իրանին և նրա դաշնակիցներին «ձեռնպահ մնալ հարձակումներից, որոնք կարող են ավելի մեծացնել տարածաշրջանային լարվածությունը և սպառնալիքի տակ դնել հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների հնարավորությունը»:


 

«Իսլամական Հանրապետությունը վճռական է տրամադրված պաշտպանելու ինքնիշխանությունը և ազգային անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանային կայունությանը և տարածաշրջանում զսպելու ահաբեկչության ու անկայունության իրական աղբյուրին, և ոչ մեկից թույլտվություն չի խնդրելու իր անքակտելի իրավունքներն իրագործելու համար»,- ասել է Քանանին:


 

Նրա խոսքով՝ եվրոպական եռյակը «սիոնիստական ​​ռեժիմի միջազգային հանցագործությունների վերաբերյալ ոչ մի կաթիլ առարկություն չպարունակող հայտարարության մեջ Իրանից պահանջում է պատասխան միջոցներ չձեռնարկել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտող ռեժիմի դեմ»։


«Եթե այդ երկրներն իսկապես ձգտում են տարածաշրջանում խաղաղության և կայունության, նրանք պետք է առանց որևէ վերապահումների հանդես գան Իսրայելի ռեժիմի սադրանքների և հակամարտությունների բորբոքման դեմ, ինչպես նաև կոչ անեն անհապաղ ավարտել պատերազմը Գազայի հատվածի դեմ և վերջ տալ կանանց, երեխաների և Պաղեստինի անպաշտպան բնակիչների սարսափելի սպանություններին»,- հայտարարել է իրանցի դիվանագետը։