Իրանի ԶՈՒ ԳՇ-ն հերքել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին հայտարարությունները

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հերքել է Fars գործակալության հայտարարությունները Իրանի նախկին նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։


Երեկ իրանական Fars գործակալությունը, հղում անելով պետանվտանգության մարմինների աղբյուրին, հայտնել է, որ Ռաիսիի ուղղաթիռը վթարի օրը սահմանված կանոնակարգից երկու ուղևոր ավելի շատ է տեղափոխել։ Հաղորդվել է նաև, որ ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանների պատճառով, ուստի օդաչուն չի կարողացել հավաքել անհրաժեշտ բարձրությունը և մխրճվել է լեռները։


«Զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդակցությունների կենտրոնը հերքում է Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին ենթադրյալ հայտարարությունները... Fars-ի տեղեկություններն այն մասին, որ ուղղաթիռում եղել է երկու մարդ ավելի՝ անվտանգության կանոնակարգը խախտելով, սուտ են: Ինչպես նաև ուղղաթիռի կործանման նշված պատճառը»,- ասվում է հաղորդագրության մեջ։