«Հայաստանի Սահմանադրության
մեջ, ինչպես նաև մի շարք նորմատիվ ակտերում դեռևս պահպանվում են տարածքային
պահանջները Ադրբեջանի նկատմամբ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար
Ջեյհուն Բայրամովը Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ համատեղ մամուլի
ասուլիսում։
Նա հայտարարել է, որ դա շատ լուրջ սպառնալիք է խաղաղության գործընթացի համար. «Միաժամանակ ես հիշատակեցի Հայաստանի
շատ ինտենսիվ սպառազինման մասին: Հայաստանի ռազմական բյուջեն ավելացել է մոտ 50
տոկոսով»։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ դա խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության
և կայունության վերականգնմանը։ «Այս ոլորտում Հայաստանի վարած ոչ ճիշտ
քաղաքականությունը և որոշ երկրների կողմից Հայաստանին բորբոքող աջակցության
տրամադրումը շարունակում են սպառնալիք մնալ տարածաշրջանում։ Եթե Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է խաղաղության գործընթացով, ապա պետք է լրջորեն մտածի իր ձեռնարկած քայլերի մասին։ Եվ մենք այստեղ մեծ փոփոխություններ ենք ակնկալում»։