Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային
խորհուրդը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝
չճանաչել սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված արտահերթ խորհրդարանական
ընտրությունների արդյունքները։
Խորհրդի կողմից տարածված հայտարարության
մեջ ասվում է, որ «սեպտեմբերի 1-ին ընտրությունների նշանակումը եղել է հակասահմանադրական,
դրանք անցկացվել են ազնիվ քաղաքական մրցակցության բացակայության պայմաններում»:
Իշխանությունները թույլ չեն տվել ԵԽԽՎ
պատվիրակությանը դիտորդական առաքելություն իրականացնել ընտրություններում և արգելել
են վեհաժողովի 76 անդամների մուտքն Ադրբեջան։
Խորհրդի տեղեկություններով՝
ընտրությունները տեղի են ունեցել Abzas Medif-ի, Toplum TV-ի, Kanal 13-ի լրագրողների
կալանավորումների և ազատազրկումների ֆոնին, ովքեր ունեին ընտրությունները
լուսաբանելու մասնագիտական փորձ,
ընտրողների մեծամասնությունը չի մասնակցել ընտրություններին, իսկ ովքեր գնացել են քվեարկության,
ներգրավվել են վարչական ռեսուրսների միջոցով։
«Իլհամ Ալիևը հավատարիմ է մնացել կեղծված ընտրությունների
միջոցով իր իշխանությունը երկարաձգելու ավանդույթին: Դրա համար Ազգային խորհուրդը
որոշեց բոյկոտել ակնհայտ կեղծված ընտրությունները»,- ասվում է խորհրդի
հայտարարության մեջ:
Ազգային խորհուրդը կոչ է անում ժողովրդին ակտիվորեն
պայքարել նոր ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար, իսկ միջազգային
հանրությանը՝ չճանաչել ընտրությունների կեղծ արդյունքները, ինչպես նաև դատապարտել
կեղծիքների գործընթացը։