Իրանի ԱԳՆ-ն Թեհրանում Ռուսաստանի դեսպանին կանչել է հանդիպման՝ ի պատասխան Մոսկվայի վերջերս ցուցաբերած աջակցության միջանցքին, որով Ադրբեջանը Հայաստանի տարածքով կկապվի Նախիջևանին: Նա հայտարարել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում սահմանների ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության։
Իրանի ԱԳ նախարարի օգնական, Եվրասիայի հարցերով
գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն իր բողոքն է հայտնել «Զանգեզուրի միջանցքին»
Ռուսաստանի աջակցության դեմ:
Դեմիրչիլուն Իրանի անունից աջակցություն է հայտնել
տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և դեմ է միջազգայնորեն ճանաչված
սահմանների ու աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության Այս մասին հայտնում է IRNA-ն:
Թեհրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ
հանդիպմանը կողմերն ընդգծել են տարածաշրջանի բոլոր երկրների շահերին ու օրինական
մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։
Դիվանագետները մտքեր են փոխանակել
Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ և նշել ազգային ինքնիշխանության,
տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հարգման կարևորությունը,
որոնք, ըստ նրանց, երաշխավորում են կայուն խաղաղությունն ու տարածաշրջանային
համագործակցությունը։
Դեմիրչիլուն և Դեդովն ընդգծել են նաև
տարածաշրջանի երկրների պոտենցիալն օգտագործելու անհրաժեշտությունը խնդիրների
լուծման համար, տարածաշրջանում խաղաղությանը, կայունության ամրապնդմանն ու
տնտեսական ծրագրերի իրականացմանը աջակցությունը՝ հաշվի առնելով բոլոր կողմերի
շահերը։
Նրանք քննարկել են առաջիկա հանդիպումը «3+3» խորհրդատվական
ձևաչափի շրջանակներում, որում ներառվում են Հարավային Կովկասի երեք երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը,
ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Ձևաչափը դիտարկում է տարածաշրջանում
անվտանգության, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը։