Ինչ սահմանափակումներ է սահմանել ԱՄՆ-ը Վրաստանի նկատմամբ. պարզաբանում է Մեթյու Միլլերը

Վրաստանի կառավարությունը շարունակում է ավելի ու ավելի խորը շարժվել տագնապալի ուղղությամբ, որը երկիրը ավելի է հեռացնում նրա եվրաատլանտյան ուղուց, որին, «ինչպես մենք գիտենք, ձգտում է վրաց ժողովրդի ճնշող մեծամասնությունը»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կարո՞ղ է արգելք սահմանել վրացի որոշակի պաշտոնյաների ուղևորությունների նկատմամբ՝ կապված Վրաստանում ընդունված արտերկրյա գործակալների մասին օրենքի հետ:


Միլլերը հավելել է, որ իրենք մտահոգված են այս օրենսդրության կիրառմամբ այն սուբյեկտների նկատմամբ, որոնք չեն անցել կամավոր գրանցում՝ ներառյալ քննադատորեն ​​տրամադրված քաղաքացիական կազմակերպությունները և անկախ լրատվամիջոցները:


«Ինչպես գիտեք, ԱՄՆ-ի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության մեր համապարփակ ամփոփման շրջանակներում, ինչի մասին հայտարարել է պետքարտուղարը, մենք վիզային սահմանափակումներ ենք մտցրել Վրաստանի տասնյակ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, այդ թվում՝ «Վրացական երազանք» կուսակցության անդամների, խորհրդարանի անդամների, իրավապահ մարմինների աշխատակիցների և մասնավոր անձանց նկատմամբ, և մենք կասեցրել ենք 95 միլիոն դոլարի օգնության տրամադրումը, որն անմիջական օգուտ կբերեր Վրաստանի կառավարությանը»,- նշել է Միլլերը:



ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ քննարկումը շարունակվում է. «Ես չէի բացառի հետագա գործողությունները»: