Ղազախստանը պատրաստ է շարունակել հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել Ալմաթիում հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար։ Այս մասին նշված է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։


«Պետության ղեկավարը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար», - նշել է մամուլի ծառայությունը։


Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն Ալմաթիում բանակցություններ էին անցկացրել 2024 թվականի մայիսի 10-ին։ Բանակցությունների առաջարկը հնչեցրել էր ղազախական կողմը, որին թե՛ Երևանը, թե՛ Բաքուն դրական էին արձագանքել։