Ադրբեջանում երբեք արդար ընտրություններ չեն անցկացվել. Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե

Ադրբեջանում երբեք ազատ և արդար ընտրություններ չեն անցկացվել, և վերջին ընտրությունները բացառություն չէին։ Այս մասին ասվում է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի հայտարարության մեջ։


Կիրակի օրը Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանխատեսելի հաղթանակ բերեցին նախագահ Իլհամ Ալիևի կուսակցությանը։ Միևնույն ժամանակ, մյուս կուսակցությունները խամաճիկ կամ գրպանային ընդդիմադիր խմբեր են։

Ակնկալվում էր, որ ընտրատեղամասերում կլինեն համատարած խախտումներ՝ բազմակի քվեարկություն, քվեաթերթիկների լցոնումներ, բռնություններ և ճնշումներ անկախ և ընդդիմադիր դիտորդների վրա:


Անցած տարիներին Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ արել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ոչնչացնելու, անկախ ԶԼՄ-ները փակելու, հասարակական կյանքի բոլոր ասպեկտների նկատմամբ խիստ վերահսկողություն պահպանելու, քաղաքական ընդդիմությանը վերացնելու և ադրբեջանցիներին արտահայտվելու համար վախի մթնոլորտ ստեղծելու համար: