ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչների և ռուսամետ «Ալտ-ինֆո»-ի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչների և ռուսամետ «Ալտ-ինֆո» խմբավորման դեմ՝ «անձանց, ովքեր խարխլել են Վրաստանում հիմնարար ազատությունները, ներառյալ խոսքի ազատությունը»:


Ֆինանսական պատժամիջոցներ են սահմանվել Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների հարցերով դեպարտամենտի տնօրեն Զվիադ ԽարազիշվիլիիԽարեբա») և նրա տեղակալ Միլերի Լագազաուրիի, «Ալտ-ինֆո»-ի առաջնորդներ Զուրաբ Մախարաձեի և Կոնստանտին Մորգոշիի նկատմամբ։


Ամերիկյան գերատեսչության հայտարարության մեջ նշվել է, որ Վրաստանի կառավարության պաշտոնատար անձինք կապված են «խաղաղ ցուցարարների և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ դաժան ռեպրեսիաների հետ», իսկ «Ալտ-ինֆո»-ի ներկայացուցիչները «պատասխանատվություն են կրում, նրանք ուղղակի կամ անուղղակի մասնակցել են բռնաճնշումներին, որ իրականացվել են Վրաստանում ժողովրդավարական գործընթացին և կարծիքների ազատ արտահայտման հավաքներին մասնակցած խաղաղ ցուցարարների ազատության դեմ»:

Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցները կապված են «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ակցիաները ցրելու հետ. «Ալտ-ինֆո»-ի առաջնորդները մասնակցել են հոմոֆոբ ջարդերին և լրագրողների վրա հարձակումներին 2021 և 2023 թվականներին։

Բոլոր չորս անձինք ներառված են պատժամիջոցային ցուցակում ԱՄՆ Նախագահի հրամանի համաձայն, որը հիմնված է Մագնիտսկու գլոբալ օրենքի վրա, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

ԱՄՆ Պետդեպարտամենտը միաժամանակ հայտնել է, որ ձեռնարկում է «լրացուցիչ քայլեր Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ վիզային սահմանափակումներ սահմանելու համար, որոնք պատասխանատու են կամ մասնակից են Վրաստանում ժողովրդավարության խարխլմանը»։


«Մենք, ինչպես նախկինում, անհանգստացած ենք Վրաստանում մարդու իրավունքների խախտումներով և հակաժողովրդավարական գործողություններով և կշարունակենք քննարկել պատասխան միջոցները: Միացյալ Նահանգները միանշանակ աջակցում է վրացիների իրավունքներին՝ հավաքներ կազմակերպել, ելույթներ ունենալ և խաղաղ բողոքի ցույցեր անել՝ չվախենալով բռնություններից, ահաբեկումներից կամ ճնշումներից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։