«Փաստաթուղթը համաձայնեցված չի համարվում, քանի դեռ դրա բոլոր կետերը համաձայնեցված չեն». Ադրբեջանը մերժել է Հայաստանի առաջարկը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն Report-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգի ընթացիկ հարցերը, մասնավորապես խոսել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի, երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման հնարավորության մասին:


Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում «հայ պաշտոնատար անձինք խաղաղության պայմանագրի հարցում սահմանափակվում են հիմնականում հակասական հայտարարություններով։ Նրանք խեղաթյուրում են խաղաղ գործընթացի իրողությունները»։


 «Հայկական կողմն առաջարկում է կնքել խաղաղության պայմանագիր այս պահին համաձայնեցված դրույթների հիման վրա։ Սակայն ադրբեջանական կողմը նման մոտեցումն անընդունելի է համարում և բազմիցս հայտարարել է այդ մասին։ Կա այսպիսի կանոն. փաստաթուղթը համաձայնեցված չի համարվում, քանի դեռ դրա բոլոր կետերը համաձայնեցված չեն: Նախագծի շուրջ բանակցություններն ընթանում են դռնփակ, իսկ մանրամասները լայն հանրությանը չեն հաղորդվում։ Կարելի է միայն ասել, որ այս պահին դրույթների մոտավորապես 80 տոկոսը համաձայնեցված է։ Անհնար է պարզապես բացառել անհամապատասխան կետերը: Որպեսզի խաղաղության համաձայնագիրը լինի կայուն և բարեհաջող, անհրաժեշտ է հստակեցնել մի շարք ուղղություններով պահպանված խնդրահարույց հարցերը։ Ընդհանուր առմամբ, համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը առաջին հերթին պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որում ներկայումս տարածքային պահանջներ են պահպանվում Ադրբեջանի նկատմամբ։ Քանի դեռ Հայաստանն իր օրենսդրական ակտերից չի բացառել այդ պահանջները, երկու երկրների միջև խաղաղության մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ասել է Հաջիզադեն։


Ինչ վերաբերում է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հնարավորությանը, Ադրբեջանի  ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը նշել է, որ ներկայումս չկա կոնկրետ որոշում հաջորդ հանդիպման տեղի և ամսաթվի մասին: «Մենք կարող ենք միայն ասել, որ Ադրբեջանը շահագրգռված է մնում կողմերի բանակցությունները շարունակելու հարցում»,- հավելել է նա: