Վրաստանում ընդունվել է «ԼԳԲՏ քարոզչության» արգելքի մասին օրենքը. սեռափոխության վիրահատությունների համար նախատեսված է ազատազրկում

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ հավանության է արժանացրել «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը։ Այս մասին հայտնում է NewsGeorgia-ն։


Օրենքին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, ընդ որում՝ ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։


Օրենքը քննարկման է ներկայացրել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։


Ընդունված փաստաթուղթն արգելում է միասեռ ամուսնությունները, միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրումը, տրանսգենդերների անցումը։ Բժիշկներին արգելվում է կատարել վիրահատություններ և այլ մանիպուլյացիաներ, որոնք նպաստում են տրանսգենդերային անցմանը։ Նման ընթացակարգերի անցկացումը ենթակա է քրեական պատասխանատվության, այդ թվում՝ ազատազրկման։


Բացի դրանից, արգելվում է կրթական հաստատություններում և ԶԼՄ-ներում գովազդել և տարածել միասեռական հարաբերությունների «ժողովրդականացմանն» ուղղված տեղեկատվությունը։ Արգելվում է նաև հանրային հավաքների (հանրահավաքների կամ երթերի) անցկացումը՝ ուղղված ԼԳԲՏՔ+ «քարոզչությանը»։