«Մենք փնտրում ենք գործընկեր, ոչ թե խնամակալ». Վրաստանի խորհրդարանի նախագահ

Ռազմավարական գործընկերը այդպիսին չի լինում, մենք փնտրում ենք գործընկեր, ոչ թե խնամակալ, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ «Իմեդի» հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով Արևմուտքի հետ հարաբերությունների լարվածությունը։ 


«Այն, ինչ մենք տեսնում ենք, տխուր վերաբերմունք է: Հարաբերությունները վերականգնելու համար անհրաժեշտ են ազնվություն և բարի մտադրություններ: Եթե ինչ-որ մեկն ուզում է խնամակալ լինել մեզ և ուղղորդել այն ուղղությամբ, որը անհրաժեշտ է համարում, ապա դա որևէ կերպ չի ստացվի: Ցավոք, մեր պատմության մեջ շատ մեծ տերություններ նույն սխալն են թույլ տվել Վրաստանի հետ, շատերը ցանկացել են օգտագործել մեր բարեկամությունը իրենց շահերի համար։ Կարևոր է դադարեցնել կեղծ մեղադրանքներն ու խոսակցությունները վրաց ժողովրդի և նրա կառավարության հասցեին»,- ասել է Պապուաշվիլին։